Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:45-ին դատարանը կհրապարակի «Սասնա Ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության  որոշումը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ամբաստանյալ Վարդան Գերավետյանը խոսքով դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին. «Եթե այսօր այդ որոշումը չկայացնեք, ապա ժողովուրդը կստիպի Ձեզ կայացնել այդ որոշումը: Դուք էլ այդ քայլով կարող եք հեղափոխություն անել դատական համակարգում»,- ընդգծեց նա: 

 

Նշենք, որ այսօր բոլոր ամբաստանյալների պաշտպանյալները միջնորդություններ ներկայացրին դատարանին՝ նրանց նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ՝ նշելով, որ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել: Սակայն սրան ի պատասխան մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ  հայտարարեց չի առարկում միջնորդությանը և հավելեց. «Բայց երկրում իրավիճակ փոխվելով՝ չեն փոխվել գործի փաստական հանգամանքները, նոր փաստեր ի հայտ չեն եկել, որոնք թույլ կտային փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը»:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերգեյ Կյուրեղյանի, Տիգրան Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Գագիկ Եղիազարյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Մանուկյանի և Մարտիրոս Հակոբյանի գործով նիստը:

Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործը նախկինում նախագահում էր դատավոր Արթուր Օհանյանը, որն ամիսներ առաջ նախագահի հրամանագրով ազատվել էր պաշտոնից: