Երևանի թիվ 3 ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում «Հայկական վերածնունդ» կուսակցությունից կառաջադրվի Հեղինե Բիշարյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում տիկին Բիշարյանը նշեց, որ Շենգավիթ համայնքում մասնակցության մեծ փորձ ունի և, բնականաբար, պետք է մասնակցի այնտեղ, որտեղ մշտապես մասնակցել է:
«Ես ինքս 20 տարի շարունակ Մալաթիայի բնակիչ եմ եղել և աշխատել տեղի դպրոցներից մեկում: Ո'չ Շենգավիթում, ո'չ էլ Մալաթիայում ընտրազանգվածի հետ աշխատելու խնդիր չեմ տեսնում»:
Հարցին, թե ինչպե՞ս է Հեղինե Բիշարյանը պատկերացնում համայնքային խնդիրների լուծումը և ի՞նչ է առաջարկում բնակիչներին, պատգամավորը նշեց, որ խնդիրները շատ-շատ են, շատ լավ գիտի, թե երկու համայնքների ամեն փողոց, շենք, դպրոց մանկապարտեզ ինչ խնդիր ունի, և թե ինչպիսի՞ սոցիալական վիճակում է գտնվում ժողովուրդը: «Վստահ եմ, թե ինչ պետք է ասեմ իմ ժողովրդին, իմ ընտրողին: Խնդիրները լիարժեքորեն պատկերացնում եմ»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում Սամվել Ալեքսանյանի հետ պայքարը, արդյո՞ք դա թեժ է լինելու 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նման, տիկին Բիշարյանը նշեց, որ նրա հետ ոչ մի անգամ թեժ պայքարի մեջ չի մտել:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո, Սամվել Ալեքսանյանը լրագրողներին ասել էր, որ Հեղինե Բիշարյանը իր քույրն է. «Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ»: