Հայաստանում երեխաների շահագործման վերաբերյալ վերջին տարիներին արված հիմնավոր ուսումնասիրություններ գրեթե չկան, ինչն, անկասկած, շատ վատ է, քանի որ սոցիալ-տնտեսական պայմաններն երկրում այնպիսին են, որ պարարտ հող են ստեղծում նմանատիպ երևույթների համար:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ հանրահռչակ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթիներից» մեկում անչափահասներ են աշխատում: Ճիշտ է` լրագրողի համապատասխան դիտարկմանը խանութի մենեջերը կարծես թե սպառիչ պատասխան է տվել` հավաստիացնելով, որ աշխատող երեխաների տարիքը համապատասխանում է օրենքով սահմանված բոլոր նորմերին (առնվազը 14 տարին լրացած պետք է լինեն), սակայն հարցի էությունը այս ամենից ոչ մի կերպ չի փոխվում, ու թեման չի կորցնում իր սրությունը:

Հարց է առաջ գալիս` հատկապես ի՞նչ նպատակներից ելնելով է, որ Ալեքսանյանն իր օբյեկտներից մեկում աշխատանքի է վերցրել անչափահասների, նրանց ու նրանց ծնողներին լավություն անելո՞ւ, ամանորյա անակնկալ մատուցելո՞ւ, թե՞, այնուամենայնիվ, բացառապես սեփական բիզնես շահն առաջ տանելու նպատակով` ասենք հենց աշխատավարձի չափի առումով:Համաձայնե՛ք, որ մի բան է լավություն անելու կարգով երեխաների համար աշխատավարձ սահմանելը և բոլորվին այլ բան` հասուն մարդկանց հետ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելը: Այսինքն` Ալեքսանյանը, գուցե և մնալով օրենքի սահմաններից ներս, իրեն հատուկ ճարպկությամբ որոշել է տոներին ընդառաջ մի փոքր խնայել սեփական բյուջեն ու փողերը սրա-նրա վրա ցիրուցան չանել. հա՛մ երեխաները կյանքի փորձ ձեռք կբերեն, հա՛մ էլ օբյեկտի տիրոջն օգուտ կտան` մանավանդ, որ ասում են` փողը մարդուն «աչքաբացություն» է սովորեցնում:

«Հարաշալի» մանկավարժ է Սամվել Ալեքսանյանն, այնպես չէ՞…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ