Կառավարության նիստի ավարտից հետո գյուղնախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությանը, նշեց. «Դեռ ոչ մի բան չկա, նախընտրական թեմաների հետ կապված մեկնաբանություններ տալ չեմ կարող, որովհետև դեռ հանձնարարականներ չկան:
Արդյոք նախարարը կընդգրկվի՞ նախընտրական ցուցակներում հարցին, վերջինս պատասխանեց. «Էնպիսի հարց եք տալիս, ախր ես ե՞մ որոշողը. առաջարկներ դեռ չկան»:
Գյուղնախարարը լրագրողների հետ զրույցում խոսելով «Վինար» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, նշեց, որ գյուղնախարարությունը պատասխանատու չէ, որ գործարանը չի կարողանում մարել խաղողագործների պարտքերը, սակայն նախարարությունը հարցի կարգավորման համար ունի լծակներ, որն էլ կիրառում է. «Կան լծակներ, որոնք էլ կիրառել ենք, գործը գտնվում է դատախազությունում և դրանից ավել այլ բան չենք կարողանում անել»:
Ըստ նախարարի՝ մշակվում են այնպիսի մեխանիզմներ, որ գյուղացին կարողանա իր վաճառած ապրանքի դիմաց գումարը ստանալ առանց ուշացումների: «2016 թվականին գյուղացիներին վճարվելիք պարտքը կազմում է մոտ 2 միլիարդ դրամ և հանդիպումների ընթացքում կարողացել են ձեռք բերել պայմանավորվածություն՝ դրանք մաս-մաս վճարելու կապակցությամբ»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև, թե օպտիմալացման արդյունքում գյուղանախարարությունում քանի մարդ է կրճատվել աշխատանքից: Թեև նախարարը ստույգ թիվ չէր հիշում, բայց նշեց. «Մոտավորապես կրճատվել է 20-25 աշխատակից: Եղել է, որ կրճատվել են ազատ հաստիքներ, և եղել է, որ կրճատվել են աշխատակիցներ»:
Աղավնի Սուքիասյան