Ավագ սերժանտ Տրդատ Մուշեղյանը զորացրվել է 2016 թվականի հուլիսին: 2016 թ.-ի ապրիլի 1-4-ը մասնակցել է շփման գծի արևելյան՝ Մարտունու ուղղությամբ մարտական գործողություններին, սակայն այդ փաստի վերաբերյալ նրա զինվորական գրքույկում որևէ նշում չկա:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում զորացրված զինծառայողը պատմեց, որ դիմել է զինկոմիսարիատ, որն էլ երկու անգամ (սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին) հարցում է ուղարկել զորամաս, որպեսզի մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում անելու թույլտվություն ստանա, սակայն երկու անգամ էլ պատասխան չի ստացել:

 

ՀՀ պաշտպանության նախարարությանը չի դիմել, քանի որ պահանջը ԼՂՀ ՊԲ-ի և զորամասի հետ է կապված:

 

Մեզ դիմած քաղաքացու խնդիրը ոչ թե զինգրքույկում համապատասխան նշում լինել-չլինելն է, այլ՝ որ այդ պատճառով չի կարողանում օգտվել ուսման վարձի զեղչման հնարավորությունից: Շուտով պետք է վճարվի երկրորդ կիսամյակի ուսման վարձը, իսկ նա չի կարողանում ապացուցել, որ ինքը պետք է օգտվի իրեն հասանելիք արտոնությունից:

 

«Համալսարանը որևէ մեղք չունի, քանի որ զինգրքույկում փաստացի ոչ մի նշում չկա, որպեսզի ուսմանս վարձը զեղչվի: Վարձի ընդհանուր արժեքը կազմում է 400.000 դրամ, զեղչով պետք է վճարեի ընդամենը 200.000 դրամ»,- ասում է Տրդատը, ով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է:

 

Նախկին զինծառայողին մտահոգում է նաև այն, որ անհավասար և անարդար մոտեցում է ցուցաբերվում, քանի որ ճանաչում է մարդկանց, ովքեր ծանոթի միջոցով ստացել են այդ գրառումը:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը երեկ պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: