Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրին, որ ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամ մասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհում առաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչի իրավունքից:
Նշված ծրագրով 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ըստ առաջադիմության, կարող են ստանալ լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Դիմողները պետք է ներկայացնեն անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, 3×4 չափսի մեկ լուսանկար, ուսանողական տոմսի պատճենը, ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
և զինվորական գրքույկն ու զինգրքույկի պատճենը:
Եթե զինվորական գրքույկում հստակ նշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-06-ն ընկած ժամանակահատվածում, ապա, զինվորական գրքույկից բացի, անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարիատից: Դիմողները պետք է ներկայացնեն նաև տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից, լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Բուհի, ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի կողմից տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումն իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան փ., 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն: