«Քառօրյա պատերազմից մեկ տարի անց ինչպես են ապրում զինվորները և ինչ խնդիրներ ունեն, այսօր զինվորը որքանով է պատրաստ պաշտպանել հայրենիքը. մոտենում է Շուշիի ազատագրման օրը» թեմայով ասուլիսի հյուրերն էին Ապրիլյան պատերազմում հրազենային վնասվածքներ ստացած զինվորականներ Դանիել Դավթյանը և Հայկ Սեխլիյանը:
Հայկ Սեխլիյանը վիրավորվել է Թալիշում, ունի ողնաշարի կոտրվածք. «Սկզբում քայլել չէի կարողանում: Ինձ հույս չէին տալիս, որ կքայլեմ, բայց բարեբախտաբար, թեկուզ դժվարությամբ, սակայն կարողանում եմ քայլել»:
Հարցին՝ պետությունը որքանով է աջակցություն ցուցաբերում, հերոսը պատասխանեց.
«Պետությունը որքանով հնարավոր է, օգնում է. ծախսերի որոշ մասը պետությունն է հոգում, որոշ մասը՝ մենք ու բարեկամները: Պետության կողմից թոշած ենք ստանում, որը բավականացնում է միայն ճանապարհածախսին: Շատ հարցեր կա, որ պետության տրամադրած գումարը չի բավականացնում: Ես ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա»,- ասաց նա, ավելացնելով՝ չի գնացել բանակ՝ պետությունից որևէ աջակցություն ստանալու համար:
Նա նշեց, որ հատկապես բարերարներն են իրենց աջակցություն ցուցաբերում. «Դրսում բնակվող բարերարներն են մեզ աջակցում, բայց լավ կլիներ, որ պետությունն օգներ, քանի որ ունի հնարավորություն»:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ որն է իրենց գերխնդիրն այսօր, Հայկը պատասխանեց.
«Այսօր ամենակարևորն ինձ համար ապաքինվելն ու աշխատանք գտնելն է»:
Անդրադառնալով արտերկրում բուժումն իրականացնելուն, Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ իրեն պետք է տեղափոխեին արտերկիր՝ բուժումն իրականացնելու համար համապատասխան սարքավորումներ չլինելու պատճառով. «Արդեն մեկ տարի է՝ կառավարության կողմից քննարկումներ են գնում՝ արտերկրում բուժում ստանալու համար:
Արտերկիր մեկնելը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Մեզ հիվանդանոցներից ասում են՝ եթե մենք թուղթ տանք, որ այստեղ հնարավոր չէ բուժում անել, հիվանդանոցի հեղինակությունը կընկնի»:
Հայկ Սեխլիյանն ընդգծեց' այսօր էլ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գնալ կռիվ.
«Ոչ միայն քառօրյա պատերազմի օրերին տեղի ունեցածը, այլ նաև մյուս օրերի կրակոցներն ու զինվորների մահը մեզ ստիպում է պայքարել հայրենիքի համար: Եթե իշխանությունը հողեր հանձնելու որոշում կայացնի, մենք դեմ դուրս կգանք»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կռվում են ոչ թե պետության համար, այլ՝ ժողովրդի: