Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ ներսում տեղի ունեցող արտահոսքին և ճաքերին, նշեց, որ առաջիկայում կհամոզվենք՝ կուսակցությունը ճաքեր տալիս է, թե ոչ:
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ ինքը լինելու է ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Երբ ցուցակը հրապարակվի, բոլորդ կիմանաք: Ինձ՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու առաջարկ, չի եղել»:
Անդրադառնալով հարցադրմանը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալն արդյոք կորո՞ւստ է կուսակցության համար, նախարարը նշեց, որ ինքն ափսոսում է, նախևառաջ, սակայն այդ հարցի շուրջ որևէ մեկնաբանություն չի պատրաստվում տալ:
Նախարարը նշեց, որ շարունակում է ՀՀԿ հետ իր քաղաքական ճանապարհը: Դիտարկմանը, թե նա «Հանրապետական» կուսակցության թիմի անդամ չէ, նախարարը հակադարձեց.
«Ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, և յուրաքանչյուր «Հանրապետական» կուսակցության անդամ, «Հանրապետական» կուսակցության մեծ թիմի անդամ է»,- խոսքը եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը: