Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը համամիտ է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի տեսակետի հետ, որ եթե ինքը հեռանա ԱԺ–ից, ապա դա, իհարկե, մեծ կորուստ կլինի ԱԺ–ի համար, սակայն դրանով կհարստանա հայկական դիվանագիտությունը։

«Բայց ես դուրս չեմ գա, հույս չունենաք, դիվանագիտական գործունեությունը քաղաքական աշխատանքի անբաժանելի բաղկացուցիչ մաս է, այնպես որ քաղաքականությամբ զբաղվել ինձ պարտադրում է մեր հասարակությունը, ես ինքս բացարձակապես նման ձգտում չունեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Թե պատգամավորական գործունեությունից դուրս ում և ինչ կկարոտի դաշնակցական գործիչը, վերջինս ժպիտով պատասխանեց. «(Մանվել) Բադեյանին կարող է կարոտեմ, մեր ֆրակցիան, անհատական առումով կարոտ կունենամ որոշ մարդկանց նկատմամբ, բայց մեր պառլամենտում պատգամավորական աշխատանքը չեմ կարոտի: Երևան քաղաքը կկարոտեմ, բայց սարք կա, որը կոչվում է ինքնաթիռ, նստում ես և գալիս կարոտդ առնում»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Արարատի նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակմանը, ով ի դեպ նախկին ՀՅԴ-ական է, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Եթե ձեզ թվում է, որ սա ինչ-որ կոալիցիա ստեղծելու և այլ նման բաներ են, բացարձակապես այդպես չէ, պարզապես մենք տեսնում ենք երկրին սպառնացող վտանգները»:

Արամայիս Գրիգորյանի մասին Վահան Հովհաննիսյանը նաև նշեց, որը իրենք լավ ընկերներ են. «Նա իմ շատ լավ ընկերն է, եղել է մեր ֆրակցիայից, նախարար է եղել, կուսակցության անդամ է եղել, և մենք ոչ մի թշնամանք կամ վատ զգացմունք նրա նկատմամբ չունենք, բայց ինքը երեկ հստակ ասաց, որ ինքը աշխատել է նախագահի համար, եղել է նախագահի թիմից, իսկ մենք չենք եղել նախագահի թիմից, դրանով ամեն ինչ ասված է, ինքը եղել է նախագահի թիմից, իսկ ես, օրինակ՝ ոչ, և կուսակցությունը նույնպես՝ ոչ, այնպես որ նրա մարզպետ դառնալը մարզի համար շատ լավ է, ինքը մարզի խնդիրները շատ լավ հասկացող մարդ է, բայց դա մեր կուսակցության հետ որևէ կապ չունի»: