«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար նաիրիտցիների պայքարը շարունակվում է: Նրանք հաստատակամ են՝ գործարանը պետք է աշխատի. այն երկրի տնտեսության համար հիմնասյուն է:

 

2017թ.-ի փետրվարի 2-ին «Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը և ՀՀ գործող կուսակցություններ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկ-նամակ են ներկայացրել, որով առաջարկել են վարչապետին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

 

«Այն հնարավորություն կտա կասեցնել սնանկության գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է պարտատերերի ժողովի կողմից կայացվի որոշում, ըստ որի՝ գրանցված պարտատերերի պահանջները բավարարելու համար «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի որոշ մասն առանձնացվի, ինչն էլ պատճառ կդառնա նույնիսկ ցանկության դեպքում Նաիրիտ գործարանի,որպես քլորոպրենային կաուչուկ արտադրող ընկերության, վերականգնման անհնարինության՝ առաջարկում ենք պարտատերերի ժողովին Գործարանի առողջացման ծրագիրը ներկայացնել այնպիսի ձևակերպումներով, ինչը հնարավորություն չի տա սնանկության կառավարչին առանձնացնել Գործարանի հիմնական արտադրությունների գույքը օտարման և պարտատերերի պահանջները բավարարելու անվան տակ»,- ասված է համակարգող խմբի նամակում:

 

Այս առաջարկը ստորագրել են գրեթե բոլոր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Նոր ժամանակներ»-ը, «Ալյանս»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Համախմբում»-ը, «Միասնություն» շարժումը, բացի Հայ Հեղափոխական Դաշնակցությունից, չնայած «Դաշնակցության» ներկայացուցիչը մասնակցել էր «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում համակարգող խմբի կողմից կազմակերպված կուսակցությունների հրավերք-հանդիպմանը և տվել էր համաձայնություն՝ վարչապետին ուղղված գրության նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու և ստորագրելու:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Նաիրիտի համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանն ասաց՝ դաշնակցականներն իրենց չստորագրելը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ իրենք կառավարության հետ աշխատում են Նաիրիտի հարցերով և չեն կարող միանալ համակարգող խմբի և կուսակցությունների կողմից բարձրացված հարցերի ներկայացման պահանջին:

 

Նաիրիտցիները զարմացած են. եթե իրականում «Դաշնակցություն»-ը մասնակցում է կառավարության կողմից տարվող Նաիրիտի հարցերին, ապա ինչո՞ւ թույլ տրվեց գործարանը տանել սնանակության և ինչո՞ւ իրենց ծրագրի մասին ոչինչ չեն ասում: Չէ՞ որ դեռևս երկու տարի առաջ, երբ ՀՅԴ-ն կառավարության կազմում չէր, Նաիրիտի հետ կապված հարցերի բարձրացման առաջին շարքում, եթե չասենք միակը, իրենք էին:

 

«Մենք չենք մոռանա, թե դաշնակցության ներկայացուցիչները և, առավել ևս՝ Արծվիկ Մինասյանը ինչ մեծ աշխատանք տարավ ԱԺ-ում Նաիրիտի հարցով ենթահանձնաժողովի կազմավորման հարցում, կազմակերպեց քննարկումներ, որոնց շնորհիվ ՀԲ-ի՝ Նաիրիտը սնանկցնելու գործըթացը կասեցվեց: Ցավոք սրտի՝ մենք այսօր չենք կարող նույն բանն ասել իրենց կողմից տարվող քաղաքականության մասին: Հենց ՀՅԴ-ն մտավ ՀՀկ-ի հետ կոալիցիայի մեջ և կառավարությունում ստացավ որոշակի պաշտոններ, միանգամից մոռացան Նաիրիտի ցավերի մասին»,- ասաց Մանուկյանը:

 

Համակարգող խումբը Նաիրիտի աշխատակիցների պահանջով մի քանի անգամ փորձել է հանդիպել Մինասյանի հետ, բայց նրանց ընդունել է միայն փոխնախարարը, տվել է խոստումներ, որոնք այդպես էլ մնացել են օդի մեջ. «Նույնիսկ մենք առաջարկեցինք, որ պատրաստվում ենք դիմում ներկայացնել կառավարություն, պահանջով, որ Նաիրիտի կառավարումը Էներգետիկայի նախարարությունից փոխանցեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վստահ լինելով Մինասյանի կողմից՝ մինչ այդ նաիրիտի վերագործարկման համար տարվող քաղաքականության և աշխատեցնելու ցանկության վրա: Բայց մեր ջանքերը մնացին ապարդյուն: Իսկ այս վերջին դեպքը, երբ նրանք մասնակցեցին նույնիսկ վարչապետին ուղղված գրության կազմելուն, նախնական համաձայնություն տվեցին, որ կստորագրեն, սակայն վերջին րոպեին հրաժարվեցին անհասկանալի հիմնավորմամբ: 

 

Կարելի է ասել, որ նրանք մեզ դավաճանեցին, քանի որ մենք հավատում էինք նրանց: Ինչ որ է, կտեսնենք իրենց և կառավարության կողմից տարվող քաղաքականությունը նաիրիտի հարցում, և մեր ու կուսակցությունների կողմից տարվողը: Մենք կարող ենք ասել, որ հետամուտ ենք լինելու նաիրիտի հետ կապված բոլոր հարցերին և բարձրաձայնելու ենք: Վստահ ենք, որ հասնելու ենք, մեզ սատար կանգնած կուսակցությունների հետ, Նաիրիտի սնանակության գործընթացի կասեցմանը և «EU-ASIA Bisiness Fi Holding»-ի հետ կառավարության կողմից բանակցությունների սկսման առաջարկի ստացմանը: Հակառակ դեպքում, եթե սնանկությունը տարվեց այն ծրագրով, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, ապա Նաիրիտի կործանման ամբողջ պատասխանատվությունը կընկնի հաև ՀՅԴ-ի վրա»,- մանրամասնեց գործարանի համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանը: 

 

Քրիստինա Աղալարյան