Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի հունվարին գրանցվել է 2.6 տոկոս գնաճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Ներկայացնելով վիճակագրությունը՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ պարենային ապրանքները ունեցել են էականորեն բարձր գնային աճ՝ 7.7 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները ունեցել են նվազման միտում՝ 0.7 տոկոսով: Ներկայացնելով իրենց դիտարկումները՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն անդրադարձավ բենզինի գնի բարձրացմանը, նշելով, որ այդ թանկացումը պատճառաբանվում է դոլար-դրամ փոխարժեքի տատանմամբ:

«Հետաքրքիրն այն է, որ, երբ վառելիքի միջազգային գինն իջնում է, մեր շուկայի ներկրողները միայն կես տարի հետո են արձագանքում, բայց երբ բարձրացում է լինում, արձագանքը լինում է միանգամից: 10-12 օրվա ընթացքում բենզինի գինը 330-360 դրամի է հասել, ինչը՝ ցավալի է»: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ պարենային 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվել է գնաճ՝ 0.1- 49 տոկոս: Առավել բարձր գնաճ է նկատվել միրգ-ապրանքային խմբում՝ 10.9 տոկոսով, և բանջարեղենի կարտոֆիլ-ապրանքային խմբում՝ 49 տոկոսով:

Սա պայմանավորված է դեկտեմբերի 30-ին և 31-ին այս երկու ապրանքախմբերում էականորեն թռիչքաձև արձանագրված գնաճով, որն, ի վերջո, միջին ամսական կտրվածքով բերել է այսպիսի բարձր գնաճային ցուցանիշի: Մսամթերքի գինն աճել է 0.2 տոկոսով, ձվինը՝ 2.8, կենդանական, բուսական յուղինը՝ 0.7, ոչ ոգելից խմիչքներինը՝ 0.1 տոկոսով: Գնանկում է նկատվել միայն մեկ՝ հրուշակեղենի ապրանքային խմբում՝ 0.2 տոկոս, իսկ 4 ապրանքախմբերում գները մնացել են նախորդ տարվա դեկտեմբերի գներին: Հունվարին նվազել է բնակչությանը մատակարարվող գազի սակագինը՝ 5.2 տոկոսով, որի ազդեցությունը ընդհանուր սպառողական գների վրա կազմել է 0.3 տոկոսային կետ:

Աճման միտումով փոփոխվել է բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը՝ 3.5 տոկոսով: Նախկինում հանրապետության տարբեր տարածքներում խմելու ջրի համար նախատեսված սակագինը մեկ խորանարդ մետրի համար՝ տարբեր էր: Հունվարի 1-ից սակագինը հավասարեցվել է, որի հետևանքով ջրի սակագինը բարձրացել է, մասնավորապես Երևանում՝ 8.3, Գյումրիում՝ 6.7 և Վանաձորում՝ 6.4 դրամով խորանարդ մետրի համար: Մյուս մարզերում նվազում է կատարվել, որի արդյունքում էլ խմելու ջրի սակագինը հանրապետության ամբողջ տարածքում նույնական է: