Հայաստանի Հանրապետությունում պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր չկա, ներմուծումները կատարվում են բնականոն կերպով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Մենք այս պահին, ինչպես և նախկինում, չունենք պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս։ Լարսը բաց է և ներմուծումը նորմալ կատարվում է, բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չկա։ Մեր ուսումնասիրությունները մշտապես ցույց են տվել, որ այս ոլորտում մենք խնդիր չենք ունենա։ Հորդորում ենք քաղաքացիներին այս պահին ևս չկատարել խուճապահար գնումներ, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Խոշոր սուպերմարկետներում պիկ օրերին մեծաքանակ գնումներ են տեղի ունեցել, սակայն այդ ժամանակ նույնպես դարակաշարերը դատարկ չեն եղել։ Այս պահին բոլոր խոշոր սուպերմարկետներում գնումների անկում է տեղի ունեցել»,- նշեց Գևորգյանը։