Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

 

«Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ,


Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից:

 

Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար: Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից և գործիչներից, ում հետ այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ:

 

Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:

 

Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է :

 

Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:

 

Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին:

 

Հարգանքով՝ Իշխան Զաքարյան»: