Արցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: Զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:

 

ԼՈւՐԵՐ.com-ն առավոտյան արդեն տեղեկացրել էր, որ հոսպիտալի պետ Զորի Սաղյանի փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառական ապարատ. «Զինծառայողը գլխի վնասվածք է ստացել: Վիճակը ծանր է, ոչ մի փոփոխություն չկա»: Իսկ Երևան տեղափոխելու անհրաժեշտության մասին հոսպիտալի պետն առավոտյան նշեց, որ դեռ պետք է վիճակը կարգավորել, նոր միայն տեղափոխման մասին խոսել:

 

Քիչ առաջ հոսպիտալից տեղեկացանք, որ Կորյուն Կիրակոսյանին տեղափոխում են Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: 


ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում երեկ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Վերջինս Մարտակերտից էր: 20 տարի ծառայել է Զինված ուժերում: