Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երևան: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանցից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուսի մոտ վերին վերջույթն է անդամահատվել:
Մյուս երկու զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, և նրանք դեռևս տեղափոխման ենթակա չեն:
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների՝ արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ' իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: