Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով' երրորդ զինծառայողը բուժումը շարունակում է Ստեփանակերտի հոսպիտալում, և նրա վիճակը նորմալ է:


«Երևան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Մեկին տեղափոխվել են հիվանդասենյակ, իսկ մյուս զինծառայողը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Հովհաննիսյանը:


Ավելի վաղ՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:

 

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով ՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):