Եթե իշխանությունները համաձայնության գան «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի հետ՝ կհրավիրվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը համաձայնեց ԱԺ-ում քննարկել հետընտրական գործընթացները, դրան միացավ ՀՅԴ խմբակցությունը: Հիմա աշխատում ենք մի տեքստի վրա, կկազմակերպենք արտահերթ նիստ, եթե գանք համաձայնության»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ ցանկացած ողջամիտ առաջարկություն պատրաստ են քննարկել:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջերս հնչեցրած կոշտ ելույթներին, Հ. Աբրահամյանն ասաց, որ ճիշտ կլինի 539 հազ. ձայները օգտագործել ոչ թե փողոցներում, այլ կատարել առաջարկություններ բարեփոխումների մասին. «Կոշտ հայտարարությունները չեն բխում պետության շահերից»,- ասաց խորհրդարանի խոսնակը: