Փետրվարի 10–ին մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԲՀԿ 9–րդ համագումարի ժամանակ, կուսակցության նախագահ վերընտրվեց ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Վերջինս իր ելույթում, կարելի ասել, սահմանեց նոր Հայաստանի իր տեսլականը: Ելույթը նաև ուշագրավ էր այն տեսանկյունից, որ Ծառուկյանը պատասխանեց մի շարք կարևորագույն հարցերի, այն է՝ ինչու և ինչի համար է վերադարձել Գագիկ Ծառուկյանը: Իր իսկ խոսքերով՝ 2015-ին նա հեռացավ քաղաքական դաշտից միայն մեկ պատճառով՝ սեփական ժողովրդին արյունահեղության չտանելու համար: Բոլորս էլ հիշում ենք 2015-ին երկրում ստեղծված իրավիճակը, հիշում ենք այն համազգային կոնսոլիդացիան, այն միահամուռ աջակցությունը, որն առկա էր Գագիկ Ծառուկյանի շուրջ: Պակաս հմուտ և իմաստուն քաղաքական գործիչը չէր վարանի օգտվել իրավիճակից՝ ինչ-ինչ դիվիդենտներ շահելու համար, սակայն Գագիկ Ծառուկյանն այդ լարված իրադրության մեջ իրեն դրսևորեց իբրև պատասխանատու քաղաքական գործիչ, նախընտրելով հարվածը վերցնել իր վրա, սակայն պահպանել հասարակության և մեր սահմանների անդորրը: Իսկ որ այդ անդորրը խախտել ցանկացողները պատրաստակամորեն սպասում են անպատասխանատու քաղաքական գործիչների սխալներին՝ դա փաստ է: Ծառուկյանը կատարեց ճիշտ քայլ, որի արդյունքում հեռացավ քաղաքական ասպարեզից, միևնույն ժամանակ՝ պահպանելով ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը:


Այսօր Ծառուկյանը վերադարձել է և կրկին պատրաստակամ է օգնել սեփական ժովովրդին՝ լուծել բոլորիս առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես ինքը նշեց իր ելույթում՝ անլուծելի խնդիրներ չկան: Ծառուկյանը վերադարձել է և իր վրա կրկին անգամ վերցրել երկրի ապագայի համար պատասխանատվությունը, ինչն ահռելի ծանր բեռ է: Սակայն բոլորը, ովքեր ճանաչում են այս գործչին, կասկած անգամ չունեն, որ դժվարությունները Ծառուկյանի համար չեն կարող խոչընդոտ հանդիսանալ նախանշված նպատակին հասնելու համար: Բոլոր քիչ թե շատ զարգացում ապրող ոլորտները մեր երկրում՝ այս կամ այն կերպ առնչվում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ:


Իր ելույթում Ծառուկյանը մատնանշեց այն բազում խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են երկրի բնականոն զարգացմանը: Ծառուկյանը չդիմեց պոպուլիզմին՝ բարձրաձայնելով միայն խնդիրը, առանց մեղադրանքներ հնչեցնելու և մատ թափ տալու: Ծառուկյանը, ինչպես միշտ, առաջարկեց կոնկրետ լուծումներ՝ ցանկացած ոլորտում առաջնային համարելով համարժեք պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, և իհարկե՝ քաղաքական կամքի առկայությունը, ինչը մեր քաղաքական դաշտում դեռևս չի ուրվագծվում:

 

Ծառուկյանը լիարժեքորեն տիրապետում է երկրում ստեղված իրավիճակին, գիտակցում է բոլոր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են մեր պետության առջև և պատրաստակամ է վերցնել իր վրա դրանց լուծման ծանր բեռը: Այդ ծանրությունը քաջ գիտակցում է Գագիկ Ծառուկյանը, այդ պատճառով էլ իր ելույթում նշեց՝ եկել եմ իմ խաչը տանելու: Այո՛, քաղաքականությունը շաքար չէ, այն էլ մեր նման երկրում, որտեղ խնդիրներն օր–օրի կուտակվում են, իսկ լուծումները՝ ձգձգվում: Սակայն Ծառուկյան քաղաքական գործիչը մշտապես աչքի է ընկել է իր պրագմատիզմով, խնդիրների առջև չընկրկելու պատրաստակամությամբ: Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, ուրեմն կարող ենք վստահ ասել, որ ցանկացած խնդիր իրապես լուծելի է և դեռ չի մարել հույսը՝ ապրել բոլորիս երազած ավելի արդար և բագավաճ Հայաստանում…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ