Իմ առջև դրված պատասխանատվությանը ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը դրդեց իրեն համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկին և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու։ Հարց է առաջանում, թե ինչ դասալքության մասին է խոսում Ա. Սարգսյանը: 1996-ին վարչապետ դառնալուց հետո նա անսպասելիորեն լքել է այդ պաշտոնը՝ հանրությանն անձամբ իր կողմից հետագա տարիներին ոչ մի բացատրություն չտալով (այդ լռությունն էլ տարբեր խոսակցությունների առիթ տվեց):1996-ից մինչև նախագահ աշխատելու առաջարկ ստանալը Հայաստանում բազում իրադարձություններ են եղել՝ քաղաքական ու տնտեսական ցնցումներից մինչև Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմ, բայց նա լռել է: Նա սեփական կարծիք չի հայտնել դեսպանի կարգավիճակում, բիզնեսմենի կարգավիճակում, հայաստանցու կարգավիճակում, սփյուռքահայի կարգավիճակում և նախագահի թեկնածուի կարգավիճակում: Դա՞ չէ արդյոք դասալքությունը: Թե՞ Արմեն Սարգսյանն իշխանական դասը նկատի ունի, երբ հայտարարում է, որ չի ուզում լքել այն:
 
Մյուս կարևոր մեսիջը, որը կարելի է առանձնացնել Սարգսյանի ելույթում՝ նրա անդրադարձն էր դատական համակարգում առկա կոռուպցիային, որի դեմ նա պատրաստվում է պայքարել` կարծիք հայտնելով. «Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետեւ դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասաց Արմեն Սարգսյանը։ Այն, որ կոռուպցիան չարիք է և Հայաստանի զարգացման խոչընդոտներից մեկը, ընդունում են թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ իշխանությունները, թե՛ միջազգային կազմակերպությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում դրա դեմ պայքարին: Այդ պայքարի շրջանակներում որոշակի քայլեր են նախաձեռնվում. աղմկոտ բացահայտումներ են արվում, ձերբակալություններ են կատարվում, օրենսդրական փոփոխություններ: Ի՞նչ կարող է փոխել Արմեն Սարգսյանը, ըստ էության, լինելով համակարգի կողմից հրավիրված անձ՝ անչափ լիմիտավորված լիազորություններով: Նա փաստորեն հասկացրել է, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյա-քաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Կարծիք արտահայտելը արդյո՞ք կարելի է համարվել արդյունավետ գործիք՝ կոռուպցիայի արմատականացման նման մակարդակում, երբ անհրաժեշտ է քաղաքական կամք և գործողություններ:
 
Արմեն Սարգսյանը հարցազրույցի ընթացքում ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված վարչապետի՝ իր նախընտրած թեկնածուի հետ: Ըստ Սարգսյանի, նա չի քննարկել գործող նախագահի հետ ապագա վարչապետի թեկնածությունը և որպես անհատ՝ նախընտրած թեկնածու չունի: Այս ամենի համատեքստում առանցքային հարցը Արմեն Սարգսյանի համար մնում է այն, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը՝ հեռանո՞ւմ է, թե՞ մնում վարչապետ: Որովհետև Արմեն Սարգսյանն իր համեմատական առավելությունը կարող է դրսևորել միայն Սարգսյանի հեռանալու դեպքում: Հակառակ պարագայում՝ Արմեն Սարգսյանն իր ռազմավարական մտքի փոխարեն կվերածվի Սերժ Սարգսյանի մտքի արգասիքի:
 
Ստելլա Խաչատրյան