ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։
Հարցազրույցում Սարգսյանը բավական համոզիչ կերպով հերքեց այս օրերին իր անվան շուրջ պտտվող մի շարք լուրեր, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հակասությունների և «Լիդիան» ընկերության հետ ունեցած կապերի շուրջ: Մյուս կողմից՝ Սարգսյանը չի հերքում, որ խորհրդակցական ծառայություններ է մատուցել «Լիդիան» ընկերությանը, ինչը ինքնին չի բացառում, որ Ամուլսարում որոշակի շահագրգռվածություն նա, այնուամենայնիվ, ունի: Բացի այդ, եթե դիտարկենք Արմեն Սարգսյանին՝ ֆինանսական գրծունեության և արված ներդրումների տեսանկյունից, ապա ի հակադրություն մի շարք երկրներում կատարած ներդրումների, նա Հայաստանում ներդրում չի արել, բացի Ամուլսարի ոսկու աղմկահարույց և կործանարար ծրագրից:
Արմեն Սարգսյանի նույնիսկ ոչ թեմատիկ, քաղաքական և ծրագրային բաղադրիչներից զուրկ հարցազրույցը մարտահրավեր էր Հայաստանի օլիգոպոլ համակարգին, որովհետև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը խորթ է հայաստանյան քաղաքական իրականությանը: Երեկ նա նրբանկատորեն հասկացրեց, թե ամենևին էլ մտադիր չէ սահմանափակվել «Անգլիական թագուհու» կարգավիճակով: «Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»,- երեկ ասել է «Շանթ»-ի զրուցակիցը:
Արմեն Սարգսյանը ինքն իրեն վերապահում է վերկուսակցական գործառույթներ: Շատերը «երբեք քաղաքականությամբ զբաղված չլինելը» հասկացել են «ապաքաղաքական» իմաստով, սակայն ասվածի իրական իմաստն ավելի հստակ լինելու համար տեղին կլիներ ասել «վերկուսակցական»: Ինչն ավելի հասկանալի է դառնում Սարգսյանի այն խոսքերում, որ մինչև վերջնական պատասխան տալը ցանկանում է հանդիպել կուսակցությունների, մտավորականների և այլոց հետ: Այսինքն, վերջնական որոշում կայացնելու համար բավական չէ ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելը, ինքը ցանկանում է լինել վերկուսակցական գործիչ, այսինքն՝ լինել բոլորինը: Կարող ենք առայժմ փաստել, որ նա չի լինելու միայն ՀՀԿ-ի նախագահը: Սա արդեն նոր իրողություն է, որի պատճառով նրան մամուլում սկսեցին հեգնանքով անվանել «Անգլիական թագուհի»` չհասկանալով Բրիտանիայի թագուհու իրական լիազորությունները, որոնք ավելի բարձր են, քան անգամ կառավարման ամենաուժեղ նախագահական մոդել ունեցող երկրների նախագահներինը:
Որքան էլ Սարգսյանը խոսի իր ապագա առաքելության բովանդակության մասին, հասկանալի է՝ միայն իր ցանկությունն այս հարցում բավարար չէ: Արմեն Սարգսյանի ցանկությունը զուգորդվում է Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ: Կդառնա՞ 4-րդ նախագահը նոր և ռացիոնալ համակարգի ստեղծող, թե՞ կբավարարվի Սերժ Սարգսյանի «նոր ոգին» լինելով: Արմեն Սարգսյանը լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Հասարակության ատելությունն իշխանությունների և բոլոր տեսակի «ընդդիմությունների» նկատմամբ այն աստիճանի է հասել, որ ցանկացած, այսպես ասած, չպղծված կադր, որին հրապարակ է բերում իշխող ուժը, ապրիորի ընկալվում է հանցապետության «արգասիք»:
Մեկ բան անհերքելի է՝ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո վերադասավորումներ կլինեն ներքաղաքական դաշտում: Արմեն Սարգսյանի հարցազրույցը հաստատեց՝ խաղատախտակի վրա ավելանում է մի ֆիգուր, որը կարող է ունենալ բավականին լայն օրակարգ հատկապես Արևմուտքում՝ ի տարբերություն ներկայիս վարչապետի, ով նման օրակարգի գոյության պատրանք ստեղծելու համար ստիպված է աստղաբաշխական գումարներ ներդնել «Դավոսյան պուտյովկա» գնելու համար:
Ստելլա Խաչատրյան