Այն, որ միջազգային կառույցները ուշի-ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն վերջին շրջանում եվրոպաշտոնյաների կողմից հնչող գնահատականները կարելի է դիտարկել իբրև աննախադեպ իրենց հասցեականությամբ և կոշտ շեշտադրումներով: Հայաստանում Եվրամիության եւ ԱՄՆ-ի դեսպաններ Պյոտր Սվիտալսկին եւ Ռիչարդ Միլզը մի քանի կարեւոր հայտարարություն են արել: Պատահակա՞ն էր արդյոք, որ Եվրամիությունը «Ստոպ կոռուպցիա» արշավի մեկնարկը տվել է նույն օրը, երբ ԱՄՆ դեսպանը ելույթ էր ունենում Հայ-ամերիկյան առեւտրային պալատում: Ամեն դեպքում, ԵՄ ու ԱՄՆ դեսպանների ելույթները միաժամանակ են հնչել ու նմանատիպ ուղերձներ էին պարունակում:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը իր մեջ հստակ մեսիջ էր պարունակում քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, սակայն նախ և առաջ իշխանություններին, որոնց վրա էլ դրված է միջազգային ստանդարտներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու ծանր բեռը: Դեսպանի ելույթում լակմուսի պես անցնում է հետևյալ գաղափարը՝ թեև ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ գլխավոր առևտրային և ներդրումային գործընկերը, սակայն իրավիճակը կարող է փոխվել և այդ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում արդար ընտրական գործընթացների հետ:
Սվիտալսկին նաև զգուշացրեց Հայաստանի կառավարությանը՝ եթե ուզում են տնտեսություն զարգացնել, ներդրումներ ներգրավել, պետք է, նախ և առաջ, գործուն քայլեր անել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ: Փաստացի ԵՄ դեսպանը հուշում էր, որ դեպքում ԵՄ կշարունակի իր բարձր մակարդակի համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ: Դրանով իսկ միջազգային այս հեղինակավոր կառույցը սահմանում է իր խաղի կանոնները ներքաղաքական զարգացումների համար: Կարևոր պայմաններից մեկն այն է, որ շահերի բախումը բացառելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար Հայաստանում քաղաքականությունը հստակ տարանջատվի բիզնեսից: Այս խնդիրը, անշուշտ, նոր չէ քաղաքական դաշտում:
Եվ խնդրի լուծումը կարևորելով ԵՄ-ն փաստացի ցանկանում է երաշխավորել նաև՝ իր ներդրումները ՀՀ-ում: Քանի դեռ Հայաստանը գտնվում է անհասկանալի տնտեսական բարեփոխումների հորձանուտում՝ ռիսկի գործոնը ԵՄ-ի համար շարունակում է շատ բարձր մնալ: Անշուշտ ԵՄ-ն ամբողջությամբ չի հրաժարվի իր ներդրումային ծրագրերից, քանզի դրանք բիզնես շահավետությունից բացի հանդիսանում են նաև միջոց՝ ընտրություններից առաջ Հայաստանում ռուսական գործոնը չեզոքացնելու համար: Դեսպանի հայտարարությունը նաև կոչ էր իշխանություններին՝ անցնելու բուն գործողությունների, քանզի մտադրությունների հռչակումը խնդիրների լուծման համար դեռևս բավարար չեն:
Պատահական չէր, որ Սվիտալսկին հիշատակեց այն 15 միլլիոն եվրոն, որը ԵՄ-ը արդեն տրամադրել է ՀՀ իշխանություններին, միևնույն ժամանակ նշելով, որ հաջորդ տրանշը՝ 1 միլլիոն եվրոն ԵՄ-ը ՀՀ իշխանություններին կտրամադրի միայն ընտրություններից հետո: Ակնհայտ է, որ ԵՄ-ը ընտրությունների արդյունքում կանի իր հետևությունները և հենց ընտրությունների արդյունքից են մեծապես կախված միջազգային այս կառույցի հետ մեր երկրի հետագա համագործակցության ձևաչափերը և մակարդակը: Իսկ սա նշանակում է, որ արդար ընտրություններ կազմակերպելու պատասխանատվությունը, որը դրված է իշխանությունների վրա՝ ԵՄ-ի նման մեսիջների ֆոնին կրկնապատկվում են:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ