Հայաստանի թիվ մեկ խնդիրը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, եղել ու շարունակում է մնալ բիզնես դաշտի կարգավորումն ու բնակչության համար գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ կենսական պայմանների բացակայությունը: Չնայած, զուտ օբյեկտիվորեն Հայաստանը ոչ մի կերպ բիզնես տեսանկյունից շահավետ չես համարի, քանի որ բնակչության տարեցտարի կրճատվող թվաքանակն ու ժողովրդի շրջանում համատարած բնույթ կրող ցածր գնողունակությունը մեր երկիրը դարձնում են ոչ գրավիչ հատկապես օտարերկրյա ներդրողների համար, փաստը մնում է փաստ, սակայն, որ պետությունն, իր հերթին, անում է ամեն ինչ՝ առկա խնդիրներին նորերը գումարելու համար: Թե ինչով է այս երևույթը պայմանավորված, միայն կռահել կարելի է, բայց որ մեզ մոտ խնդիրները ծագում են հենց օրենսդրությունից սկսած, փաստ է:
Միքայել Մելքումյանի՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շնորհանդեսին հնչեցրած ծրագրային ելույթի կետերից մեկն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում էր հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով տույժերի ու տուգանքների ենթարկված ձեռներեցների խնդրին՝ խնդիր, որ, արդարև, կարելի է համարել երկրում բիզնեսի զարգացման կարևորագույն խոչընդոտներից մեկը: Ստացվել է այնպես, որ բավական չէ պետության կողմից սահմանված հարկերը, հատկապես ՓՄՁ-ների մասով, անբնական բարձր են ու խիստ, դեռ մի բան էլ իրենց սև գործն են անում տույժերն ու տուգանքները, որոնք, նույն Մելքումյանի վկայությամբ, հասնում են 60 միլիարդ դրամի:
Եվ ահա «Ծառուկյան» դաշինքը ստեղծված իրավիճակից միանգամայն իրատեսական ելք է առաջարկում. բացառությամբ չարամտորեն հարկերից ու տուրքերից խուսափածների՝ անմիստիա հայտարարել բոլորի հանդեպ ու տալ հնարավորություն՝ լիաթոք շնչելու:
Բանն այն է, որ պայմանավորված մի շարք արտաքին հանգամանքներով, միլիարդների հասնող տույժերն ու տուգանքներն այսօր կրկնապատիկ են արժենում քաղաքացիներին. դրամի արժեզրկումը, արտաքին շուկաների ցնցումները և այլ՝ ոչ բարենպաստ ֆակտորներ բերում են նրան, որ տույժերի ու տուգանքների գումարը մի քանի անգամ գերազանցում են մայր գումարի չափը, ու մարդիկ նախապես սահմանված չափից մի քանի անգամ ավելի մեծ գումարներ են ստիպված լինում մուծել պետությանը: Արդյունքում՝ ՓՄՁ-ները հայտնվում են ոչ նախանձելի վիճակում ու որոշ ժամանակ անց չդիմանալով ֆինանսական ճնշումներին՝ փակվում են:
Առաջնային քայլը պետության կողմից պետք է լինի ոչ թե հարկերի ու տուրքերի անընդհատ բարձրացումը՝ իբր բյուջե լցնելու պատրվակով, այլ՝ բարենպաստ հարկային դաշտի ստեղծումն, ավելորդությունների վերացումն ու ՓՄՁ-ների առջև արհեստական խոչընդոտներ չհարուցելը: Հարկավոր է նաև հստակ օրենսդրական դաշտ մշակել՝ կայուն խաղի կանոններով՝ հստակություն մտցնելու Հայաստանի բիզնես դաշտում, սահմանել համընդհանուր խաղի կանոններ՝ տարածվող բոլորի վրա: Ողջ աշխարհում գնում են ՓՄՁ-ները հարկերից հնարավորինս ազատելու, հարկային բեռը թեթևացնելու ճանապարհով, այնինչ մեզ մոտ դեռ մի բան էլ տույժ ու տուգանքներ են պահանջում նույնիսկ նրանցից, ովքեր, այս կամ այն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ի վիճակի չեն եղել կատարելու իրենց հարկային պարտավորությունները. արդյունքում՝ արտագաղթող բնակչություն ու ամայացած տնտեսություն:
Այսպես շարունակվել չի կարող:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ