«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վնասքաբանության բաժանմունքի բժիշկը մերժել է բուժօգնություն ցուցաբերել: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ հավանաբար Առողջապահության նախարարությունն է հրահանգավորել բուժօգնություն չցուցաբերել քաղաքական բանտարկյալին. «Ամենայն  հավանականությամբ, հիվանդանոցը զգալով, որ Առողջապահության նախարարությունը կարող է վատ վերաբերմունք դրսևորել, որոշել են օգնություն  ցույց չտալ: Այնքան սարսափած են Առողջապահության նախարարությունից ողջ հիմնարկները, որ զգալով՝ աննշան ինքնակամ գործունեությունը կարող է ուղղակիորեն ազդել իրենց ֆինանսական եկամուտների վրա, հրաժարվել են»:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանի հարազատները նախապես պայմանավորվել և վճարել են, բժիշկը համաձայնություն է տվել: Դիմել են քրեակատարողական վարչության պետին, քրեակատարողական հիմնարկի պետին, թույլտվությունները ստացել են, բայց վերջին պահին բժիշկը հրաժարվել է բուժօգնություն ցուցաբերելուց, հարազատներին ասել է՝ «իմ վերադասը թույլ չի տալիս, չեմ կարող այցելել նրան»:

Փաստաբանի խոսքով՝ սա ապացուցում է, որ մեզ մոտ առողջապահությունը նույնպես քաղաքականացված է և սնվում է նույն բյուջեից, որի համար այդքան դողում են: 

Նրա խոսքով՝ գնալով ավելի է վատանում Գևորգ սաֆարյանի ոտքի վիճակը, և ցավերն հետզհետե ավելանում են: 

Սոնա Հարությունյան