Մայիսի մեկի լույս երկուսի գիշերը՝ ժամը 2-3 ընկած ժամանակահատվածում, Հրազդանի ծննդատուն է դիմել 19-20 շաբաթական հղի՝ թեթև ծակող ցավերով և արյունահոսությամբ։ Հերթապահ բժիշկը հղիությունը վարող բժշկի հետ վատ հարաբերությունների պատճառով չի զննել արյունահոսող կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պտուղը մահացել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com- ին է ահազանգել հղի կնոջ մտերիմ ընկերը՝ Անուշ Թադևոսյանը:

Նա նշել է, որ Նարինեն մինչև առավոտյան 7-ը միայնակ և անխնամ մնացել է պալատում, իսկ առավոտյան արդեն երեխան մահացել է.

 

«Գուցե հնարավոր լիներ փրկել, եթե էս կարգի անտերություն չլիներ: Քիչ առաջ եմ խոսել աղջկա հետ, ասաց՝ գիշերը բուժքույրը փորձել է օգնել, բայց նա չի կարող բժշկի փոխարեն առաջին օգնություն ցուցաբերել։ Ինչևէ, այդ գանգատներով հիվանդանոց դիմած հղին, սիստեմա ստանալուց հետո էլ ոչ մի տեսակի օգնության չի արժանացել բժշկի կողմից։ Ծննդաբերել է միայնակ պալատում։ Ծննդաբերելուց հետո նոր քնացրել են իրեն ու մաքրել...»,- պատմեց մեր զրուցակիցը:

 
 

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է հղին պարզել, որ հերթապահող և հղիությունը վարող բժիշկը վիճված են, ինչի հետևանքով հրաժարվել են իրեն օգնություն ցուցաբերել, Անուշ Թադևոսյանը պատասխանեց.

«Երբ Նարինեն այդ գանգատներով դիմել է հերթապահող բժշկին, նա պատասխանել է՝ ես իրա հիվանդների հետ գործ չունեմ»,- ընդգծեց նա:

Իրավիճակը հասկանալու նպատակով զրուցեցինք Նարինեի հղիությունը վարող բժշկի՝ Մարինե Ներսիսյանի հետ, որն ասաց՝ առաջիկա 3 ամիսներին հղին որևէ գանգատ չի ունեցել.

 

«Նարինեն 33 տարեկան է, սպասում էր իր 4-րդ բալիկին: Սկզբնական փուլում իր մոտ ամեն ինչ կարգին էր, բայց վերջերս ինչ-որ վիրուս էր տանում, զանգահարեց մեզ, մենք էլ ասացինք, որ դիմի ընտանեկան բժշկին, որից հետո բուժումը ստանալուն պես պետք է ներկայանար կոնսուլտացիայի: Ստացվեց այնպես, որ սուր, ծակող ցավերով, արյունահոսությամբ նա շաբաթ օրը գիշերը դիմել է հիվանդանոց: Կարող եմ ասել, որ վիրուսը կարող էր վնասել պտղին»,- ասաց բժիշկը:

 
 

Հարցին՝ արդյոք մինչև լուսաբաց Նարինեին բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվել, Մարինե Ներսիսյանն ասաց, որ կդժվարանա պատասխանել, քանի որ այդ պահին հիվանդանոցում չի եղել:

 

Անդրադառնալով իր և հերթապահող բժշկի՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ ունեցած կոնֆլիկտին՝ ասաց.

«Ես որևէ կոնֆլիկտ չունեմ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ: Կդժվարանամ պատասխանել, թե Նարինեի մտքով ինչ է անցել, երբ ասել է՝ մենք կոնֆլիկտ ունենք»,- նշեց Մարինեն:

 

Հարցին՝ արդյոք հնարավոր կլիներ փրկել պտուղը, եթե ճիշտ ժամանակին հղի կինը ստանար բժշկական օգնություն, բժիշկը նորից դժվարացավ պատասխանել.

«Դժվար հարց է, չեմ կարող պատասխանել. կարող է բացումով է եկել, կարող է հետո է բացվել, մի քիչ հարաբերական է, բայց որ վիրուս է տարել, կարող է դրանից էլ եղած լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրուցեցինք նաև հիվանդանոցի բաժնի վարիչի՝ Պապյան Նարինեի հետ, որն ասաց՝ հերթապահող բժշկին իրենց հիվանդանոց է ուղեգրել Առողջապահության նախարարությունը.

«Նա 2-3 տարի է, ինչ մեզ մոտ է աշխատում, այստեղից բացի, այլ տեղ էլ է աշխատում, դեռ չեմ կարողացել հետը կապ հաստատել: Հետը շփում գրեթե չեմ ունեցել, չեմ կարող ասել, կոնֆլիկտային է թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ նման դեպք մեր հիվանդանոցում առաջին անգամ է լինում, Տաթևիկ Հովհաննիսյանի հետ էլ կապված որևէ արտառոց բան այսքան ժամանակ չի եղել. բոլորս շոկային իրավիճակում ենք այս պահին»,- նշեց բաժնի վարիչը:

Թեև հղիությունը վարող բժիշկը հերքեց հղի կնոջ ասածը, թե իր և հերթապահող բժշկի միջև ինչ-որ կոնֆլիկտ է եղել, ինչի հետևանքով վերջինս հրաժարվել է ցուցաբերել բժշկական օգնություն, բաժնի վարիչը հաստատեց այն.

«Ըստ երևույթին նման մի բան է եղել, ավել բան չեմ կարող ասել, որովհետև երկրորդ կողմի հետ չեմ զրուցել դեռ, ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա:

 

Վերջինս հավելեց, որ հիվանդը բաժանմունքում է և վիճակը բավարար է, մաքրվել է վիրուսը, ստանում է հակաբիոտիկներ:

Հարցին, արդյոք հերթապահող բժիշկը դեռ շարունակում է աշխատել իրենց մոտ, թե արդեն աշխատանքից ազատել են, պատասխանեց.

«Անկախ նրանից որևէ լրատվամիջոց կխառնվեր այս ամենին թե ոչ, իհարկե, ադմինիստրացիան որևէ որոշում կկայացնի»,- ընդգծեց Նարինե Պապյանը:

 

Փորձեցինք կապ հաստատել նաև հերթապահող բժշկի հետ, սակայն, ապարդյուն:

Զվարթ Պետրոսյան