«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չնայած արդար ընտրություններ անցկացնելու մասին իշխանության խոստումներին, իրավապահ համակարգը շարունակում է չտեսնելու տալ ընտրակեղծարարության ահազանգերը և միայն լրագրողների համառ ջանքերի շնորհիվ անդրադառնում դրանց:
Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում «Ելք» դաշինքից ռեյտինգային թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը դեռ փետրվարի 9–ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀԿ–ից առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից, ով նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է ու քաղշին վարչության պետի տեղակալը, Կենտրոնում ընտրողներին ցուցակագրում ու ընտրակաշառք են բաժանում: Այս առթիվ, սակայն, իրավապահ մարմինները չեն դիմել թեկնածուին՝ պարզելու, թե ինչ ընտրախախտման մասին է խոսքը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ մեր Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարան է մտնում շենքի լիազորը և դիմում մորս, փորձում ստորագրություն վերցնել և քարոզ անել Բեգլարյան Հակոբի օգտին։ Նշեմ, որ լիազորի մոտ է լինում շենքի բնակիչների ցուցակները՝ անձնագրի տվյալներով։ Խոսակցության ընթացքում պարզվում է, որ շենքերի լիազորներին հրավիրել են ժեկ (ԲՇՏ) և ցուցակներ բաժանել, ուղարկել բնակիչների մոտ։
Հիմա հարց Սերժ Սարգսյանին. սա՞ է այն հերթական անթերի, օրինական ընտրությունը, որի մասին դուք խոսում եք էկրաններից։ Ի՞նչ իրավունք ունեն մարդկանց կանչել ԲՇՏ, ի՞նչ իրավունք ունեն անձնագրային տվյալներ տալ և ի՞նչ իրավունք ունեն քարոզարշավը չսկսված քարոզչություն անել:
Այսօր նաև ահազանգ ստացա, որ նույն գործով է զբաղված Թումանյան 38 հասցեում գտնվող Բեգլարյաններին պատկանող շենքի կեսում տեղակայված գրասենյակը, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ՀՀԿ շտաբի։ Այս պարագայում մարդկանց նաև 20000 դրամի խոստում է տրվում»։
«Փաստի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրեն իրավապահ որևէ մարմին չի դիմել ահազանգի առթիվ ու սպասումներ չունի իրավապահ մարմիններից: «Քանի որ Հրազդանի քաղաքապետի ընտրության դեպքից հետո, երբ իմ ձեռքին հարվածեցին, տեսախցիկը գցեցին, բռնություն գործադրեցին, սպառնացին, այդ տեսանյութը ես տեղադրեցի համացանցում, ու այդ գործը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվեց, ես այլևս իրավապահ մարմիններից որևէ հույս չունեմ և համագործակցելու որևէ ցանկություն չունեմ»,– ասաց թեկնածուն:
Հարցին, թե իշխանության թեկնածուի հանդեպ հովանավորչություն է տեսնում իրավապահ մարմինների կողմից, «Ելք»–ի ներկայացուցիչն ասաց. «Ամեն ընտրությունից հետո քանի՞ դեպք կարող եք նշել, որ որևիցե մեկը պատժվել է, եզակի: Շատ լավ գիտեք՝ պետական մարմինների գործունեությունն ինչպես է լինում՝ տանջեն, բզբզեն քաղաքացուն, վերջում էլ գործը կարճում են, կամ լավագույն դեպքում 400–500 հազար դրամի տուգանում են ընտրակեղծարարին, և անցնում առաջ՝ արդարադատության իմիտացիա ստեղծելով»:
Ըստ Սիմոնյանի՝ փոխարենը կարելի է նշել բազմաթիվ դեպքեր, երբ ընդդիմադիր գործիչներին, ակտիվիստներին պատժել են ամենափոքր զանցանքների համար:
Նշենք, որ նախագահական անցած ընտրությունների ժամանակ Հակոբ Բեգլարյանը՝ Շինանյութի Հակոբը, իր կողմնակիցների հետ խոչընդոտել էր լրագրողների մուտքը Մետաքս թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի շտաբ: Հենց նա էր մոտեցել լրագրողներին և կոպտորեն արգելել մուտք գործել շտաբ՝ ասելով. «Գնացեք ստեղից, դավայ էղեք»:
Սակայն Մետաքս թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց 1in.am–ի և «Հրապարակի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը մեկ ամիս անց կարճվեց: Ընդ որում' «հանցակազմի բացակայության պատճառով»:
Հ.Գ. Դատախազությունից երեկ երեկոյան «Փաստի» հարցմանն ի պատասխան ասացին, որ «Գագիկ Բեգլարյանի եղբորն ընտրելու դիմաց 20 հազար դրամ են խոստանում. ցուցակագրումը սկսվել է» վերտառությամբ հրապարակումը Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ հրապարակման մեջ նշված տեղեկությունների իսկությունը ճշտելու համար' ստուգողական աշխատանքներ իրականացնելու նպատակով», մինչդեռ երեկվա դրությամբ ոստիկանությունում տեղյակ չէին, որ իրենք են զբաղվելու այդ հարցով»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: