Մոսկվան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների և ՌԴ ԱԳՆ փոխադարձ մեկնաբանության հետ կապված թեման փակված է համարում։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան շեշտել է, որ դա որպես միջադեպ չի դիտարկում: Նրա խոսքով՝ ռուսական կողմի համար կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում։

Նա նաև տեղեկացրել է, որ այս թեման շոշափվել է նաև դեկտեմբերի 8-ին` Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:
 
Նոյեմբերին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի հարցին, խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 3-ին արձագանքել էր Ալեն Սիմոնյանի ասածին և շեշտել` «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ: 
 
Դիտեք նաև` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանումներ է ակնկալում ստանալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ: