Եթե երբևէ քրքում չեք օգտագործել, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս օգտակար համեմունքին, որը չափազանց բուժիչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է, պարունակում է կալցիում, երկաթ, յոդ, ֆոսֆոր, կալիում, վիտամին C և B խմբի վիտամիններ, եթերային յուղեր, ալկալոիդներ և այլն: Կարող է ունենալ կծու, դառը կամ տտիպ համ: Օրգանիզմից հեռացնում է խարամներն ու տոքսինները, արդյունավետ է քիմիական նյութերով թունավորումների դեպքում:
Քրքումն աղիները մաքրում է լորձից՝ ճնշելով նեխած միկրոֆլորան, լավացնում է մարսողությունը, կանոնավորում է ստամոքսաաղիքային համակարգի գործունեությունը և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Այն օգտագործում են անմարսողության, ստամոքսի խոցի և 12-մատնյա աղու բուժման համար, քանի որ իջեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը, դրանով իսկ ունենալով հակախոցային ազդեցություն:
Քրքումը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում է էրիթրոցիտների կազմավորմանը և պակասեցնում է տրոմբոցիտների քանակը: Կանոնավորում է նյութափոխանակությունը, խթանում է դիմադրողականությունը: Քրքումի մզվածքը հաջողությամբ օգտագործում են հաստ աղիքի քաղցկեղի բուժման համար:
Քրքումը արյան մեջ իջեցնում է շաքարի և “վատ” խոլեստերինի քանակը, մեղմացնում է ճառագայթային բուժման հետևանքները: Ուստի շաքարախտով հիվանդները և խրոնիկ հիվանդություններից թուլացած մարդիկ պետք է շատ քրքում օգտագործեն:
Քրքումն իջեցնում է արտրիտից առաջացած այտուցները, բարենպաստ ազդեցություն ունի հոդերի հիվանդությունների ժամանակ: Լավացնում է նաև լյարդի ալկոհոլային ցիրոզով հիվանդների վիճակը: Մաքրում է լեղապարկը, նպաստում է լեղու առաջացմոնը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրքումը հեպապրոտեկտոր է, այսինքն լյարդը պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից: Շատ օգտակար է ստամոքսաաղիքային հիվանդություններ ունեցող այն հիվանդներին, ում մոտ լեղարտադրությունը ցածր է: Քրքումը նպաստում է լեղարտադրությանը՝ համարյա 100%-ով մեծացնելով լեղաթթվի սինթեզը: Բուժում է եղնջատենդը (крапивница):
Քրքումը բնական հակաբիոտիկ է, ինչպես նաև հզոր հակաբորբոքային և հակասեպտիկ միջոց: Լավ ջերմիջեցնող է և վերացնում է հազը: Ուստի առավոտյան և քնելուց առաջ սոված փորին “ոսկեգույն կաթ” խմեք:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. կան հակացուցումներ
Քրքումը չի կարելի օգտագործել ստամոքսաաղիքային և երիկամային հիվանդությունների սրացումների և հղիության ժամանակ: Չի թույլատրվում նաև մինչև 2 տարեկան երեխաներին: Եթե նախկինում երբեք քրքում չեք օգտագործել, սկսեք փոքր չափաբաժիններից՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:
Քրքումով բաղադրատոմսեր
• Օրգանիզմը մաքրելու համար 200մլ ջրին, կաթին կամ մածունին 1/2թ.գ. քրքում և մի քիչ մեղր ավելացրեք:
• Շաքարախտի ժամանակ ուտելուց առաջ 1/3թ.գ. քրքում կուլ տվեք՝ վրայից խմելով շատ քիչ ջուր:
• Ստամոքսի հիվանդությունների, փորլուծության, փորափքանքի դեպքում ուտելուց առաջ խմեք 200մլ ջուր՝ 1/2թ.գ քրքումով:
• Մրսածության, ջերմության և հազի դեպքում վերցրեք հավասար քանակությամբ մեղր և քրքում, լավ խառնեք և օգտագործեք օրը 3 անգամ, 1/2թ.գ.:
• Հոդերի հիվանդությունների դեպքում (արտրիտ) իրար խառնեք հավասար քանակությամբ մեղր, քրքում և կոճապղպեղ և ընդունեք 1/2թ.գ., օրը 2-3 անգամ՝ ուտելուց առաջ:
• Կոկորդի ցավի ժամանակ 200մլ տաք ջրով, 1/2թ.գ. քրքումով և 1/2թ.գ. աղով ողողումներ արեք:
• Ֆարինգիտի դեպքում 1թ.գ. մեղրին 1/2թ.գ. քրքում խառնեք: Օրը 3-5 անգամ այդ խառնուրդից պահեք բերանում և հալեցնելով կուլ տվեք:
• Քիմիկատներով թունավորվելու և եղնջատենդի դեպքում սննդի մեջ կանոնավոր կերպով քրքում ավելացրեք:
• Լնդերի արնահոսության դեպքում 200մլ ջրի և 1թ.գ. քրքումի խառնուրդով ողողումներ արեք: Դա նաև կամրացնի ձեր լինդերը:
• Սակավարյունության դեպքում օրը 3 անգամ ընդունեք 1/2թ.գ. քրքումի և նույն քանակությամբ մեղրի խառնուրդ:
Նշենք, որ սննդի մեջ ավելացնելիս 5-6 բաժնի համար անհրաժեշտ է 1/2թ.գ. քրքում: Գնեք փաթեթավորված տուփերով և ոչ թե բաց վիճակում վաճառվող փոշին: Գույնը և համը պահպանելու համար քրքումն անհրաժեշտ է պահել հերմետիկ ամանում՝ ուժեղ լույսից հեռու:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ