Հանրապետության հիմնական հարստություններց է ընդերքը, որը համաժողովրդական սեփականություն է: Շատ հաճախ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտների թվին է դասվում այն, որ Հայաստանը չունի գազ, նավթ, սակայն իրականությունը կայանում է նրանում, որ մենք ունենք պղինձ, մոլիբդեն, ոսկի, ռենիում և այլ օգտակար հանածոներ: Հարկավոր է միայն ապահովել դրանց համալիր և ռացիոնալ օգտագործումը: Տեղո՛ւմ արտադրենք վերջնական արտադրանքը:


Տարեկան հանրապետությունում արդյունահանվում է շուրջ 33 միլիոն տոննա մետաղական հանքանյութ, որից ստանում ենք 350 հազար տոննա պղնձի խտանյութ, շուրջ 20 հազար տոննա մոլիբդենի խտանյութ, 3.5 տոննա ոսկի և այլն: Մեկ տոննա հանքանյութի բնօգտագործման վճարը կազմում է 600 դրամ, ուստի «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է անհապաղ վերանայել այդ վճարը՝ ի օգուտ պետական բյուջեի: Ընդերքը համաժողովրդական սեփականություն է և ոչ ոք իրավունք չունի դրանով տաքացնել սեփական ձեռքերը:


Ինչ խոսք, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան: Այն մեր տնտեսության զարգացման ամենաբարձր ներուժ ունեցող ճյուղն է, սակայն մինչ օրս այդ պոտենցիալը ամբողջությամբ օգտագործել չի հաջողվում: Հանքարդյունաբերությունը չափազանց կարևոր դեր ունի և այսօրվա հասարակության հիմնական կարիքները բավարարելու հիմնաքարն է: Հանքարդյունաբերությունը ներառում է հետախուզման, արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոների համալիր արդյունաբերական աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են պղնձի, ոսկու կամ այլ նուրբ մետաղների համար, որոնք Հայաստանն արտադրում է՝ հիմնականում արտահանման նպատակով:

 

Սակայն, եթե չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել պատասխանատու ձևով, ապա դրանք կարող են անընդունելի բացասական ազդեցություն ունենալ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: Այդ իսկ պատճառով՝ եկել է ժամանակը՝ ռացիոնալ կերպով օգտագործելու մեր երկրի մեժագույն հարստություններից մեկը, մշակելով հանքարդյունաբերության զարգացման նոր մեխանիզմներ և հայեցակարգ:


Ոլորտի զարգացմանը խոչընդոտում են հետևյալ խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության և ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումները, սոցիալ-տնտեսական, ֆինանսական դաշտում առկա խնդիրները, պատասխանատու ներդրումների ներգրավման պակասը, պետական երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման բացակայությունը և այլն: «Ծառուկյան» դաշինքի կողմից արված համապարփակ և գործուն առաջարկը կարող է լուրջ և արդյունավետ մեխանիզմ հանդիսանալ սույն խնդիրների վերացման և ոլորտի արագ և սահուն զարգացումը ապահովելու համար:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ