Այսպիսով՝ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը: Իհարկե, ասել, թե Բաբլոյանի հաղթանակն անակնկալ դարձավ որևէ մեկի համար, ծիծաղելի կլիներ, քանի որ չնայած մրցակցի առկայությանը՝ նրա հաղթանակի հարցում դժվար թե կասկածող գտնվեր, սակայն այն, ինչ բացահայտեցին ԱԺ նախագահի ընտրություններն, այլ կերպ, քան շոկային բացահայտում անվանել չես կարող: Բանն այն է, որ քվեարկությանը մասնակցած 105 պատգամավորներից 88-ը քվեարկել է ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի օգտին, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր ուժերից ևս իշխանական թեկնածուին ձայն տվողներ այսպես թե այնպես եղել են. «Ծառուկյան» դաշինքի մի շարք անդամներ ևս, փաստորեն, իրենց ձայնը տվել են իշխանական թեկնածուին:
Թե ինչ կարող է սա նշանակել այն պարագայում, երբ ողջ նախընտրական շրջանում իրեն որպես իշխանությունների միակ այլընտրանք մատուցած քաղաքական ուժն ամենավճռորոշ պահին իսկական դավաճանական քայլ է իրականացնում իր իսկ կողմից հանրահռչակած սկզբունքների հանդեպ, ու թե ինչպես են նրանք այսքանից հետո իրենց իդենտիֆիկացնելու խորհրդարանական ընդդիմության հետ, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Համաձայնե՛ք՝ Միքայել Մելքումյանի այն փաստարկը, թե իրենք որոշել էին իրենց դաշինքի յուրաքանչյուր անդամի խղճին թողնել հարցը, թե ում օգտին է պետք քվեարկել, այս պարագայում այքնան էլ հիմնավոր չէ: Ակնհայտ է, որ սա այն հարցն էր, ուր ազատ խղճի մասին հիշատակումներն ամենևին էլ տեղին չէին, ու պետք էր ոչ թե ավելորդ դեմոկրատիա խաղալ կամ շահարկել այն, այլ մյուս ընդդիմադիր ուժի հետ համախմբվածություն ցուցաբերել ու ուս ուսի տալ. այդպես գոնե հնարավոր կլիներ ընդդիմադիրի սեփական պատիվը փրկել ու գոնե ձևականորեն ցույց տալ, որ ընդդիմության միջև, այնուամենայնիվ, որոշակի սոլիդարություն կա:
Բայց ոչ, «Ծառուկյան» դաշինքում նախընտրեցին գնալ մեկ այլ ճանապարհով՝ վանաձորյան սցենարի նմանությամբ, ինչն, անկասկած, վտանգում է ոչ միայն այդ քաղաքական ուժի հեղինակությունը՝ որպես ընդդիմադիր ուժ, այլև խորհրդարանական ընդդիմությունը պառակտում, ջլատում է ներսից: Փաստացի ստացվում է, որ դաշինքն իրականում ընդդիմության անվան տակ հանդես եկող իշխանամետ ուժ է ու պատրաստ է հարկ եղած դեպքում ձեռք մեկնել ոչ թե իր ընդդիմադիր գործընկերներին՝ հանձին ԵԼՔ-ի, այլ ՀՀԿ-ին, ինչն անազնիվ քայլ է նախևառաջ սեփական ընտրողների, ընտրազանգվածի նկատմամբ. մարդիկ «Ծառուկյան» դաշինքին ձայն են տվել, գործուղել են խորհրդարան ոչ թե Հանրապետականի «թելը թելելու», այլ գերիշխող ուժին ընդդիմանալու համար: Ի դեպ՝ հատկանշական է, որ Փաշինյանն արդեն հասցրել է հայտարարել, որ ի տարբերություն ոմանց, իր կողմից ամեն բան անելու է՝ խորհրդարանում ընդդիմության կերպարանքով հանդես եկող ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ համերաշխություն պահպանելու համար. սատարելու են Մելքումյանի թեկնածությանը:
Թե ինչպես հետագայում այլ հարցերում իրեն կդրսևորի «Ծառուկյան» դաշինքն, իհարկե ցույց կտա ժամնակը, բայց որ ստարտն այնքան էլ խոստումնալից չստացվեց, փաստ է. տեսնես մինչև ե՞րբ այսպես...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ