Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Թե ի՞նչ միտում ունի Ալիևի կողմից՝ կնոջը առաջին փոխնախագահ նշանակելը, մեկնաբանություններ ստանալու համար՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանի հետ:

«Երկու հիմնական կլաններ կային՝ Ալիևների և Փաշաևների (խմբ.՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևա): Ես կարծում եմ, որ Ալիևան ժամանակին շատ ավելի հզոր կլան էր: Իրենց մոտ Շեքսպիրյան «այր ու կին մի մարմին»-ը չի աշխատում, և հիմա իշխանությունը ուզում են միմյանց միջև բաժանել»,- ասաց քաղաքագետը`ավելացնելով, որ այս նշանակումը պայմանավորված է ադրբեջանական կլանների հավակնությունները բավարարելու անհրաժեշտությամբ: 

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Ալիևյան կլանը միտում ունի ավելի ուժեղանալու Փաշաևաների նկատմամբ, որը ներքին կռիվ է, և այս առումով Ալիևի ճակատագիրը շատ ավելի խոցելի ու վտանգավոր է դառնում:

Քաղաքագետը նշեց, որ Ալիևի այս քայլը միտված է իշխանությունն ընտանեկան նեղ շրջանակում պահելուն. «Ադրբեջանում օրենքի փոփոխություն եղավ, ըստ որի, Մեջլիսի պատգամավոր կարող են դառնալ 18 տարեկանից, իսկ նրանց որդին 19 տարեկան է: Բոլորի համար պարզ է՝ ուր են գնում և ինչ նկրտումներով»:

Իլհամ Ալիևը Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստին մասնավորապես ասել է.

«Այսօր իմ կարգադրությամբ Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ: Մեհրիբան Ալիևան երկար տարիներ կարևոր և ակտիվ դերակատարում է խաղում երկրի հասարակա-քաղաքական կյանքում, մեր մշակութային կյանքում»:

Հիշեցնենք, որ 2016թ․ սեպտեմբերին Ադրբեջանում անցած հանրաքվեի արդյունքում երկրի սահմանադրության մեջ տեղի է ունեցել 29 փոփոխություն, որոնց հետևանքով սահմանվել են առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոններ։

Սոնա Հարությունյան