Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

 

Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նշեց, որ բոլոր ենթակառույցները իրենց աշխատակիցներին, սաներին, դպրոցների, մանկապարտեզների երեխաներին կազմակերպված ձևով տարհանել են շենքերից ու սպասել են մինչև համապատասխան մարմինները կկատարեն իրենց աշխատանքը։ «Քաղաքում խուճապ չկա, ոչ մի ավերածություն չկա»,- ասաց քաղաքապետը։ 

 

Մեր տեղեկություններով՝ Կապանի Շինարարներ թաղամասում գտնվող դպրոցներից մեկի պատը երկրաշարժի հետևանքով փլկվել է։ Այդ մասին՝ քաղաքապետն ասաց՝ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները տեղում են, ոչ մի լուրջ ավերածություն չկա․ «Մանր-մունր վնասներ կան, որոնք կպարզվեն ավելի ուշ»։ 

 

Քրիստինա Աղալարյան