Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ապրիլը լայնամասշտաբ գործողություն էր ու պատերազմի իմիտացիա, որը, ցավոք, կյանքեր խլեց։

 

«Ադրբեջանը նման փորձեր անելու է, որպեսզի երկրի ներսում ինչ-որ խնդիրներ լուծի, քաղաքական հարցեր կարգավորի։ Ինքը շատ հանգիստ կարող է թեժացնելով չհանգած պատերազմը, իր երկրի ներսում առաջ եկած խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղել դեպի սահման։ Հիմնականում ես դրա հետ եմ կապում սահմանային վերջին լարվածությունը»,- ասաց Վարդանովը։

 

Վովա Վարդանովի խոսքով՝ մենք պետք է հասկանանք մեր անելիքները․ «Սահմանը պետք է այն աստիճան լավ պահենք, որ ցանկացած առաջխաղացում հակառակորդի մոտ՝ հենց ծիլ տալու պահին ոչնչացվի։ Եթե ապրիլյան գործողությունները վերհիշենք, իրենք էլ էին սկսում սահմանը նախապատրաստելով։ Դա նշանակում է ականազերծման աշխատանքներ կատարել, որոշ ինժեներական աշխատանքներ կատարել, մի տեղ փոսերը խորացնել, որ գնդացիրը գա, հարմար տեղ պառկի։ Հիմա էլ նրանք նույնն էին փորձում անել։ Մի քիչ գրագետ չի այն հայտարարությունները, թե բացահայտ հարձակում էր ադրբեջանական կողմից. այն նախապատրաստական աշխատանքներ էր լայնածավալ գործողությունների, ոչ թե հենց լայնածավալ գործողություններ էին։ Ինժեներական ու հետախուզական գործողություններով Ադրբեջանը նախապատրաստվում է հետագա գործողություններին։ Եթե ապրիլին էլ նույն ձևով արձագանքեինք, այն տեղի չէր ունենա։ Ապրիլից հետո բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել առաջնագծում և դիվերսիոն գործողություններ անելը շատ է դժվարացել հակառակորդի համար։ Եթե առաջ 10 դիրքից մեկում սարքավորում կար, հիմա բոլորում կա և ցանկացած եղանակի պարագայում՝ հնարավոր է հայտնաբերել հակառակորդի խմբերին»,- մանրամասնեց բանախոսը։

 

Վարդանովը վերապահորեն է մոտենում ստացիոնար դիրքից նկարահանած տեսանյութերը ՊՆ-ից կողմից հրապարակվելուն, քանի որ այդ դիտակետը պատրաստելը բավական քրտնաջան աշխատանք է պահանջում և տեսանյութի հրապարակումից հետո հակառակորդը տեսնում է, թե որտեղից է նկարահանումը տեղի ունեցել։ «Դա այնքան էլ ճիշտ չէ։ Սակայն, հասարակության և հակառակորդի հետ աշխատանքում, հոգեբանական պատերազմում՝ դա ճիշտ զենք է: Պարզապես, պետք է դրա ոսկե միջինը գտնել։ Եթե դա միակ դիտակետն է ու այլ տեղ չկար սարքը տեղափոխելու, ապա այդ դեպքում ճիշտ չէ, կարելի էր անօդաչու սարքով նկարել»,- ընդգծեց դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատարը։