Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դիմումը, որով նա պահանջում էր չեղյալ համարել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար մեջլիսի երեք նիստերից իրեն հեռացնելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:

Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Երբ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Փայլանը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան' կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում: Բացի Սահմանադրական դատարան դիմելուց, հայ պատգամավորը դիմում էր ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին' պահանջելով հետ կանգնել մեջլիսի կանոնակարգին հակասող որոշումից: