Տավուշի մարզի Բերդ քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Մանուչարյանը վաղուց կողմնորոշվել է, թե ում օգտին պետք է աշխատի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Տարբերակը մեկն է`ՀՀԿ-ն, այսինքն` քաղաքապետն իր ուժերը կկենտրոնացնի հարազատ կուսակցության շահերի համար:
«Հիմա աշխատում եմ «Հանրապետական» կուսակցության համար: Այս պահի դրությամբ՝ որևէ մեկի համար քարոզ չեմ անում, բայց չի էլ բացառվում, որ նախընտրեմ կոնկրետ թեկնածուի»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում աջակցել ՀՀԿ թեկնածուներին, Մանուչարյանը նշեց. «Ընդամենը կարող եմ հնարավորություններիս սահմանում կուսակցության համար խնդրել, մարդիկ էլ` ընտրեն»:
Նշենք, որ քաղաքապետի հնարավորությունները քիչ չեն` նրա որդին Բերդի էլեկտրոցանցի պետն է, ի դեպ Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի փեսան է, աղջիկն էլ մանկապարտեզի տնօրենն է, ընտանիքին են պատկանում տեղում գործող բազմաթիվ բիզնեսներ:
«Բոլոր թեկնածուներն էլ հարգված մարդիկ են: Որպես կուսակցության անդամ, անում եմ ամեն ինչ. ոչ միայն Բերդում, այլև Երևանում, Իջևանում, բոլոր տեղերում՝ քարոզում եմ իմ կուսակցության համար: Իսկ թե իմ կուսակցությունից բարեկամներս, ընկերներս ում կցանկանան ընտրել, դա էլ թող իրենք որոշեն»,- ասաց քաղաքապետը:
Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզում առաջադրված 7 թեկնածու կա, սակայն հանրությանը քիչ թե շատ հայտնի է միայն ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ): Այս մարզում առաջադրված թեկնածուներ թեպետ շատ կան, սակայն նրանց մեծ մասի մասին հանրությունն առաջին անգամ է լսում:
Ոչ իշխանական միակ թեկնածուն, ով ընտրվելու ռեալ շանս ունի «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզային տարածքային ռեյտինգային ցուցակով (թիվ 13 ընտրատարածք) առաջադրված քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանն է, ում մի շարք լրատվամիջոցներ են պատկանում: Վարուժան Բաբաջանյանի նախընտրական շտաբը արդեն բավականին ներկայանալի տեսք ունի. նրան հաջողվել է իր շուրջը միավորել մարզի հասարակական - քաղաքական ակտիվի, նախկին ու ներկա պաշտոնյաների մի զգալի մասին և այս պահին թերևս միակ թեկնածուն է, որ նախընտրական կառույցներ է ձևավորել գրեթե մարզի ամբողջ տարածքում: