Ապրիլի 2-ին մնացել են հաշված շաբաթներ, իսկ դա նշանակում է, որ շարքային ընտրողն իր տրամադրության տակ շատ քիչ ժամանակ ունի՝ քաղաքական ուժերի այս բազմության մեջ ընտրելու հենց այն միակին, որն իրոք կարող է ընդունակ լինել՝ դուրս բերելու երկիրը տնտեսական ճգնաժամից, դեղատոմսեր առաջարկելու պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին:

 

Անկասկած, առաջին բանը, որին շարքային ընտրողը պետք է ուշադրություն դարձնի, համապատասխան քաղաքական հայտ ներկայացրած ուժերի կողմից հանրության դատին ներկայացվող կամ ներկայացվելիք ծրագրերն են. հենց այդ ծրագրերի հիմնական բովանդակությունից է կախված լինելու այն հարցը,թե ինչ պետություն ենք մենք ունենալու, ասենք, մի քանի տարի անց: Բայց ընտրողը պետք է նաև կարողանա հնարավորինս սթափ գնահատել այդ ծրագրերի ունեցած իրական պոտենցիալն, այսինքն՝ այն, թե որքանով է դրանց իրականացումը հավանական կամ իրատեսական. սա, թերևս, ամենակարևորն է:


Ավելորդ չէր լինի, սակայն, նկատել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռևս չի շտապում իր նախընտրական ծրագիրը հանրության դատին ներկայացնել՝ բավարարվելով, թերևս, առիթից առիթ հնչեցվող կցկտուր ելույթներով, որոնք այնքան էլ ամբողջական պատկերացում չեն տալիս հետագա պլանների մասին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սեփական ծրագրերի մասին բավականին հստակորեն հասցրել է դեռևս հայտնել «Ծառուկյան» դաշինքը, որի ծրագրային 15 կետերը, պետք է նկատել, բավական բուռն արձագանք են ստացել ժողովրդի շրջանում, ու որոնք առավել քան իրատեսական են:


Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե 9 քաղաքական ուժերից ամեն մեկը կոնկրետ ինչ է առաջարկում իր ընտրողին կամ ինչ կարելի է ակնկալել դրանցից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում:

 

Սկսենք իշխող կուսակցությունից:

 

Հանրապետական կուսակցությունը, պետք է նկատել, դեռևս հասցրել է հրապարակել սեփական կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Կարգախոսն, ինչ խոսք, բավական խոստումնալից է հնչում, համապատասխանող ժամանակի հրամայականին, բայց ահա հարցը, թե դրանց հասնելու համար հատկապես ինչ գործիքակազմեր են կիրառվելու, կարծես այնքան էլ պարզ չէ: Ի դեպ՝ Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ հասցրել է ընդհանուր կետերով ներկայացնել սեփական կուսակցության նախընտրական ծրագրի էությունը, ու պետք է նկատել, որ այն, խոշոր հաշվով, ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. անվտանգության ամրապնդում, տնտեսական առաջընթաց, Հայաստանում ժողովրդավարության զարգացում, արդարադատության ոլորտում առկա խնդիրների հնարավորինս վերացում, մարդու իրավունքների պաշտպանություն, արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրների կարգավորում և այլն:


Ընդհանրապես, պետք է նկատել, որ գեղեցիկ շարադրված ծրագրերի հարցում դժվար կարող է գտնվել որևիցե քաղաքական ուժ, որը կարող էր մրցակցել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերի հետ. ՀՀԿ-ի ծրագրերում մշտապես, գրեթե ամբողջությամբ տեղ են գտնում բոլոր այն պրոբլեմները, որոնք բնորոշ են մեր իրականությանը: Հարցը, սակայն, թե որքանով են խոստումներն այդ իրականանալի, մնում է բաց, քանի որ, դատելով այն իրականությունից, որում մենք այժմ ապրում ենք, այդ խոստումների իրականացման հավանականությունը գործնականում զրոյական է:


Հաջորդ քաղաքական ուժը, որն այսօր կոնկրետ եղանակ է ստեղծում քաղաքական դաշտում, ու որն ընդունակ է իրոք ձեռնոց նետել իշխող ուժին, անկասկած, «Ծառուկյան» դաշինքն է: Պետք է ընդգծել, որ չնայած այս ուժը համեմատաբար վերջերս է ձևավորվել, բայց հասցրել է ոչ միայն իր հաստատուն տեղը գտնել քաղաքական դաշտում, այլև առաջարկել մի նախընտրական ծրագիր՝ 15 կետից բաղկացած, որը շատ մեծ արձագանք է գտել հանրության ամենալայն շերտերի շրջանում:

 

Որպես նշանաբան ունենալով «Փոփոխությունների ու կառուցելու ժամանակը» կարգախոսը, այս քաղաքական ուժը սեփական հաղթանակի դեպքում խոստանում է միջին կենսաթոշակի չափը բարձրացնել 25.000 դրամով՝ համապատասխանեցնելով այն նվազագույն կենսաապահովման զամբյուղին՝ պարբերաբար ինդեքսավորելու պայմանով, նվազագույն աշխատավարձը սահմանել 80.000 դրամ, առաջիկա 3 տարիներին ՓՄՁ-ներին ազատել հարկերից, առաջիկա 5 տարիներին մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին նույնպես ազատել հարկերից, ինչպես նաև պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց գրանցվելու պարտավորությունից, հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ դրամ տույժերի ու տուգանքների մասով կիրառել համաներում՝ բացառությամբ չարամտորեն հարկերից խուսափողների, զգալիորեն իջեցնել գյուղացիական վարկերի տոկոսադրույքները, վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը, սառեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը, իջեցնել գազի գործող սակագինը, նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, մաքսային ոլորտում վերացնել հսկիչ գները, գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասը ջրելու դիմաց՝ վճար սահմանել 1000 դրամը, ապահովել Հայաստանի տարածքում առկա օգտակար հանածոների համալիր և ռացիոնալ օգտագործումը, փոխել առողջապահության համակարգի տրամաբանությունն ու մարդկանց տրամադրել համապատասխան սերտիֆիկատներ՝ որպես երաշխիք առ այն, որ մարդիկ կստանան իրենց հասանելիքը պետությունից, սուբսիդավորել բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների վարձավճարները:


Չափազանց կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ այս ծրագրերն ու պլանավորվող քայլերը ոչ միայն խիստ արդիական են ու արտացոլում են այսօրվա քաղաքացու բոլոր հիմնական պահանջմունքներն, այլև, որ ամենակարևորն է, չափազանց իրատեսական են ու ռեալ, որում համոզվելու համար բավական է ընդամենն աչքի անցկացնել դաշինքի նախընտրական ծրագիրը. դրանում մանրակրկտորեն ցույց են տրված այն ճանապարհներն ու միջոցները, որոնք հնարավոր են դարձնում համապատասխան ծրագրային կետերի իրականացումը: Դրանց վրա աշխատել են ոչ տասնյակ բարձրակարգ մասնագերտներ՝ տալով ծրագրերին միանգամայն գիտական հենք:


Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, որոնք հայտ են ներկայացրել առաջիկայում տեղ զբաղեցնելու Ազգային ժողովում, ապա պետք է նկատել, որ դեռևս չկա հստակ պատկերացում, թե կոնկրետ ինչ են առաջարկելու նրանք իրենց ընտրողներին: Այս առումով, թերևս, «Հայկական վերածնունդ»ն է մի փոքր բացառություն կազմում, որը պարբերաբար հնչեցրել ու շարունակում է շեշտադրել որոշ մտքեր, որոնք, սակայն, այնքան էլ թարմ չեն: Մասնավորապես՝ այս քաղաքական ուժը խոստանում է հետամուտ լինել խորհրդային ավանդների վերադարձի խնդրին, բանակը դարձնել պրոֆեսիանալ՝ առաջիկա 5 տարիներին, պայքարել կոռուպցիայի դեմ բոլոր հնարավոր մեթոդներով, առողջապահության ոլորտում խաղի նոր կանոններ սահմանել և այլն:


Թե որքանով են դրանք իրականանալի, իհարկե, քննարկման մի առանձին ու բավականին լայն թեմա է, բայց որ դրանցից շատ քչերն են հույս ներշնչում, ոչ ոք չի կարող ժխտել: Մասնավորապես, եթե այդքան չարչրկված ավանդների թեմայի հարցին անդրադառնանք ու փորձենք հասկանալ՝ կոնկրետ ինչի մասին է խոսքն, ապա պետք է արձանագրել, որ, ինչպես փաստերն են հուշում, խիստ մեծ վերապահմամբ պետք է վերաբերվել այդ մտքին՝ առհասարակ, քանի որ այն համամասնությամբ, որով վերջին անգամ իրականացվել է փոխհատուցումը, բացի ծիծաղից, ուրիշ ոչինչ առաջ չեն բերում:

 

Ինչ վերաբերում է ՕՐՕ-ին, ՀՅԴ-ին, ԵԼՔ-ին, ՀԱԿ-ՀԺԿ-ին, կոմունիստներին, Ազատ դեմոկրատներին, ապա այստեղ պատկերը գործնականում նույնն է: Այս բոլոր ուժերը, չնայած շարունակաբար ու հիմա էլ հանդես են գալիս ներկա կարգերի քննադատությամբ, դրանց առանձին առաջնորդներ պարբերաբար բոցաշունչ ելույթներ են ունենում հանրության առջև ու փորձում բոլորին համոզել հենց իրենց ճշմարտացիության մեջ, սակայն, ըստ էության, դեռևս հանդես չեն եկել կոնկրետ ծրագրային առաջարկներով, փաստարկված ու կենսունակ գաղափարներով, որոնք կլինեին գիտականորեն միանգամայն հիմնավորված ու փաստարկված. այս քաղաքական ուժերն իրենց քարոզչությունը ծավալում են հիմնականում այլոց փնովելու մեթոդով, փոխարենն, ըստ էության՝ չառաջարկելով կոնկրետ գաղափարներ: Եթե ինչ-որ գաղափարներ՝ ժամանակ առ ժամանակ հնչում էլ են, ապա դրանք հիմնականում բավական լղոզված են ու համակարգված բնույթ չեն կրում, հետևաբար՝ մանրամասնորեն խոսել դրանց կենսունակության մասին, անիմաստ կլիներ:

 

Այսպիսով՝ այլևս ակնհայտ է, թե առաջիկայում որն է լինելու կուսակցությունների գաղափարական մրցակցության մեխը. կարևորը լինելու է ոչ թե օդում տրված խոստումների, առկա իրավիճակի անխնա «քլնգումը», որն, ի դեպ, նույնիսկ շարքային տաքսիստներն էլ կարող են անել, այլ՝ այն, թե կոնկրետ ինչ ելքեր են առաջարկվելու ստեղծված իրավիճակից ու թե որքանով են դրանք կենսունակ ու հիմնավորված լինելու: Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել. ուղղակի պետք է վերհիշել ամեն մեկի անցյալը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ