Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 3-ին, ժամը 23։30-ի սահմաններում, Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը ձախ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել քրեական աշխարհում «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի որդին`25-ամյա Սարգիս Վարդանյանը: 

 

Նշվում էր, որ վերջինս միայն հաջորդ օրն է դիմել բժշկական օգնության, սակայն վիահատությունից հետո փախել է հիվանդանոցից:

 

Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցից փախչելու մասին տեղեկությունը, ըստ էության, հաստատեց:

 

Միքայել Մելքումյանը նշեց, որ նա չի ներկայացել վիրակապություններին. «Ինքը պետք է գար վիրակապությունների, բայց չի եկել, պետք է որ՝ խնդիրներ չլինի: Թե երբ կգա, չեմ կարող ասել, քանի որ բժշկի հետ են պայմանավորվել: Համենայն դեպս՝ դեռ չի եկել»,- ասաց նա:

 

Սարգիս Վարդանյանը հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայակիցներին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է այն ժամանակ, երբ շունը կծել է իրեն, իսկ իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակը գտել է Արցախի Հանրապետությունից Հայաստան վերադառնալիս՝ Գորիսի վարչական տարածքում։

 

Նշենք, որ այս երիտասարդը բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում, վերջինս չի դադարում լինել սկանդալների կիզակետում: Մեկ տարի առաջ նրան բերման էին ենթարկել թմրանյութի օգտագործման կասկածանքով: 2013 թվականին էլ «Մերսեդես G500»-ով Մաշտոցի պողոտայում բախվել էր «BMW»-ին, ապա վիրավոր քաղաքացուն օգնելու փոխարեն՝ հայհոյանքներ ուղղել նրա հասցեին:

 

Սոնա Հարությունյան