Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն միջոցներ պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակի,չ 20-ամյա Սերժ Վարդանյանի և Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, սեպտեմբերի 26-ին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել էին, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում էր երթևեկության կանոնները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՃՈ աշխատակիցները փորձել են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել էր փախուստի, ինչից հետո հետապնդող ոստիկանները ռադիոկապով տեղեկացրել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հրահանգ են ստացել, որպեսզի մի քանի ավտոմեքենաներով շրջափակեն փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:
Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել էր «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսել են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները: Կարճ ժամանակ անց նշված վայր էին ժամանել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Արման Հակոբյանը, և տեսնելով, որ երիտասարդները հրաժարվում են կատարել ոստիկանների օրինական պահանջները, կալմեջ անելով, իրենց անպարտելի համարող, սակայն Սասնա էպոսի «բոզ նապաստակի» նման փախուստի դիմած երիտասարդներին տեղափոխեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ինչպես նաև՝ նրանց ավտոմեքենան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը վերջերս էր զրկվել ավտոմեքենան վարելու իրավունքից, քանի որ ավանդույթ է դարձրել «չղջիկի նման» ողջ գիշեր երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով թրև գալ երևանյան փողոցներում, և նա հանրությանը հայտնի «Ճվճվ» Արոյի անուղղելի զավակն է, իսկ ուղևոր Ռ. Այվազյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձիք ենթարկվել են բժշկական փորձաքննության և համաձայն փորձագետի տված տեղեկանքի՝ Ռ. Այվազյանից վերցված մազի և մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբիոնիդների խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ, իսկ Ս. Վարդանյանի մեզի և մազի փորձանմուշներում՝ ափիոնի խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ:
Ֆոտոշարքն ամբողջությամբ` այստեղ: