Այսօր՝ հունվարի 8-ին, Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած «BMW X6»-ի վարորդը, ով, ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանն է, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք՝ այս գիշեր՝ 04:10-ի սահմաններում, խոշոր և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում: Իրար են բախվել BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Toyota-ի ուղևոր՝ ՃՈ աշխատակից 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալասարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Սարգիս Վարդանյանն, ով ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, առավել հայտնի է «Սաքուլիկ» մականվամբ: