«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

 

Հարցին՝ արդյոք բավարարվե՞լ է նրա պահանջը, Գոռ Ղլեչյանը ասաց, որ դիմումում միայն նշված է հացադուլի դադարեցման մասին և սովորաբար դիմումի մեջ չի նշվում հացադուլի դադարեցման պատճառները:

 

Նշենք, որ ազատամարտիկը գրեթե երկու շաբաթ գտնվում էր հացադուլի մեջ: Նա Արդարադատության նախարարությունից և Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում էր այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը և կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում, քանի որ առողջական բազմաթիվ խնդիրներ ունի: Նա պահանջում էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների» կամ քաղաքացիական հիվանդանոց:

Արմեն Մկրտումյանը հացադուլ էր հայտարարել նաև փետրվար ամսին, որը տևել էր տասը օր:

 

Հիշեցնենք՝ Արմեն Մկրտումյանը դատապարտված է վեց տարի ազատազրկման: