Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի երրորդ օրը, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Տավուշի մարզի Բերդի քաղաքացիների հետ: Գագիկ Ծառուկյանն իր ելույթի վերջում հարցրեց քաղաքացիներին՝ ինչ մտահոգող խնդիրներ ունեն:
Հարթակին մոտեցավ Չինչին գյուղի մի բնակիչ՝ Էլմիրա անունով, ով «Ծառուկյան» դաշինքի համակիրն է և ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, և ասաց, որ ամուսնուն, ով աշխատում է գազի վարչությունում, իր քաղաքական հայացքների համար ասել են՝ «դիմում գրիր, հեռացիր»:
Գագիկ Ծառուկյանը, լսելով կնոջը, զարմացավ. «չի՛ կարող պատահել, հենց հիմա զանգե՛ք, նորի՛ց պարզեք, սպասում եմ»:
Տիկին Էլմիրան զանգահարեց ամուսնուն, խնդրեց դիմում չգրել, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ՝ խնդիրն անպայման լուծում կստանա:
Գագիկ Ծառուկյանին դիմողները շատ-շատ էին, հիմնականում՝ սոցիալական աջակացության խնդրանքով:
Վարագավան գյուղի մի բնակչի, օրինակ, 200 հազար էր պետք, տանը գազ քաշելու համար: Ծառուկյանը, լսելով բնակչի խնդիրն ասաց. «հասկացա, իմացի՝ արդեն գազ ունես»: