Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններն այն մասին, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, նոր բացահայտումների առիթ է դարձել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան և Արցախ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների:

Խնդրի մասին բարձրաձայնել է նաև Արցախի վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ շուկայում առկա է անորակ դիզվառելիք: Նա անդրադառնալով ապրիլյան դեպքերին, փաստել է, որ այդ ժամանակ և հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը՝ մասնավոր մատակարարներից:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Երբ մեր ուղղաթիռը թշնամին խոցեց, պարզ չէ՞ր՝ ինչպես դա եղավ: Խնդիրն առանց զենքի թշնամուն ընդառաջ գնալն էր: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչի՞ համար: Այն էլ երկու ուղղաթիռ, որ մեկին չհասցնեն խոցել, երկրորդը պարտադիր խոցվի: Ոչ ոք պատասխան չտվեց դրա համար: Այդ զորավարժություններ անցկացնող նախարարին բերեցին Երևանում պաշտոն տվեցին, որ հետո էլ սկսեն բացահայտումներ անել, թե քանի տասնյակ հազարավոր դոլարներ է գողացվել բանակից»: 

Գուրգեն Եղիազարյանն այն կարծիքին է, որ թեև վարչապետի կողմից հնչել է շատ հասցեական հայտարարություն, բայց միևնույն է, այդ հայտարարության հետքերով չեն գնա. «Հիմա ձեր կարծիքով բան են անելո՞ւ: Ոչ մի բան չեն անելու խնդիրը բացահայտելու և լուծելու համար: Իսկ թշնամու դիմաց երեխաների կյանքն է, որոնք ոսոխի դեմ բահերով են կանգնում: Պատերազմի ժամանակ հայտարարում էին, թե ռմբակոծում էր և Ա կետից Բ կետը զինամթերք հասցնել չէին կարողանում, դրա համար մեր պատանիները ոսոխի դիմաց կանգնած էին բահերով: Գետի՛նը մտնեք, բա ձեր հաշվարկները խաղաղ պայմանների համար ե՞ն միայն, դուք չեք հաշվարկո՞ւմ, որ պատերազմի ժամանակ ռմբակոծելու է թշնամին և դուք պարտավոր եք և՛ թիկունքը, և՛ ճակատը ապահովել: Մեկը դրա համար պատասխան տվե՞ց»: 

Հարցին՝ ինչ քայլերի պետք է դիմի ԶՈՒ-ն, որ կարողանա բացահայտել նման դեպքերը, որպեսզի ռազմական տեխնիկան անորակ վառելիքից չտուժի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց.

«Անորակ դիզվառելիքի դեպքում պարզ է, որ շարժիչը շարքից դուրս պետք է գա: Իսկ ի՞նչ իմանանք, որ անորակ վառելիքը բանակին տվողը թուրքական գործակալ չէ, որտեղի՞ց իմանանք այս հարցի պատասխանը: Միգուցե թուրքերը փող են տալիս, որ մեր բաքերը լցվեն անորակ վառելիքով, որ պատերազմի ժամանակ դրանք չկարողանան շարժվել: Պետք է հենց այստեղից սկսել և գնալ լիտր- լիտրի հետևից»,- խոսքը եզրափակեց նա:

Սոնա Հարությունյան