Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը պնդում է, որ կառավարության նոր կազմը իրենց չի հետաքրքրում: 168.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, թե կառավարության ինչպիսի կազմ էլ լինի, միևնույն է՝ քաղաքական կուրսը թելադրվում է բուրգի գագաթից, ու ներքևում գործող «խամաճիկները» ոչինչ փոխել չեն կարող: «Մեր թիրախը թիվ մեկն է: Եթե թիվ մեկը նորմալ աշխատի, երկրորդն ու երրորդը նորմալ կաշխատեն: Մնացածները չեն կարող լինել ինքնուրույն, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի ավտորիտար ռեժիմը թույլ չի տալիս, որ վարչապետը, քաղաքապետը կամ նախարարը ինքնուրույն ու անկախ աշխատեն: Դրա համար մեր թիրախը մեկն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու դրա գլխավորած Սերժ Սարգսյանը»,- նշեց նա: Արձագանքելով ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի այօրվա հնչեցրած գնահատականին, թե վարչապետը պետք է ինքնասպան լինի, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է խնդիրները լուծելու համար, Արամ Մանուկյանն ասաց. «Չէ, չէ, չէ… Իմ լուծումները միայն մաքուր քաղաքական են: Իշխանափոխություն է պետք անել: Անձի խնդիր չկա: Համակարգի փոփոխություն է անհրաժեշտ»: