Արմավիրի մարզում Էջմիածնի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանը նախ յուրօրինակ ձևով շնորհավորեց կանանց Մարտի 8-ի կապակցությամբ՝ հորդորելով տղամարդկանց՝ անպայման համբուրել կանանց և աղջիկներին։
«Էսօր ուրախ տոն ա, առաջինը հելել եմ մորս եմ պաչել, իրա ծաղիկները նվիրել եմ, ասեմ՝ ձեռիս հետ կնգաս էլ եմ պաչել, չեմ կարա գաղտնի բան պահեմ, ինչ կա՝ ասում եմ, ով էլ չի հասցրել տան տղամարդը կամ որդին շնորհավորի, անպայման կհասցնեն, տեմ բոլի իմ ելույթից հետո կնանիքին կպաչեն հաստատ, եթե ես արել եմ, սաղ էլ կանեն»,-մանրամասնեց նա։
Սեյրան Սարոյանն իր խոսքում նաև անդրադարձավ Արմավիրի մարզ վարչապետի այցին, նշելով, որ սրտանց սպասում էին, ժողովուրդը նրա հետ հույսեր է կապում։
«Քանի որ նստածներից մի քիչ ավելի շատ եմ ճանաչում, չեմ ասում, որ իմանաք՝ մոտիկ եմ վարչապետի հետ, էտի սաղ աշխարհը գիտի, էնենց չի, որ գլուխ եմ գովում, ուղղակի ես իրա աշխատանքի ոճը գիտեմ, երբ որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմը» ընդունեց 0 վիճակ էր, էդ ժամանակ մենք միշտ իրար հետ էինք»,-շեշտեց նա։
Վարչապետ Կարեն Կարպետյանն էլ, Սեյրան Սարոյանին լսելով, միջամտեց և ասաց.
« Ի միջիայլոց ասեմ՝ մենք սենց բան չենք պայմանավորվել, դուրս է գալիս՝ ես Սեյրանին կանչել եմ, որ ինձ գովի»,-ասաց նա։
Սեյրան Սարոյանն էլ պատասխանեց, որ չի գովում, այլ ժողովրդին ասում է՝ ով է վարչապետը, ինչ ծրագրեր ունի։
«Ժողովրդի հետ պետի խոսես ճիշտ, ազնիվ, մաքուր, ժողովրդական լեզվով, ա, բ կետերից ժողովուրդը զզվել են, ավելի լավ ա խոսենք, թե ինչ կարանք անենք մեր ժողովրդի համար և ժողովուրդը վաղվա ապագան տենա, էսօր ավելի հանգիստ եմ, որ Դուք եք մեր կառավարության գլխին կանգնած։ Եթե էսօր մի բան էլ թերի կա, որ ժողովրդին անհանգստացնում է, կաշառք-մաշառք և այլ վատ երևույթներ, բայց գյուղ չկա, որ շուն չլինի, ես ասեմ՝ ա՛յ էս կոպալով մեջներից տփելու է, լարի»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ հեռատես է եղել և տարիներ առաջ էր առաջարկել, որպեսզի Կարեն Կարապետյանը կառավարման ոլորտում լինի։
Սեյրան Սարոյանը հորդորեց ընտրողներին՝ ճիշտ կողմնորոշվել և ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»։
«Անվտանգությունը մեր նախագահն է, առաջընթացը մեր վարչապետն ա, ամեն մարդ, որ իրա գործով զբաղվի, մեր դեմ խաղ չի լինի»,-ընդգծեց նա։
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ, արձագանքելով, ասաց, որ չհասկացավ՝ Սեյրան Սարոյանն իրե՞ն էր գովում, թե՞ հենց իր հեռատեսությունը։
Աղբյուրը՝ Tert.am