Շվեյցարիայում Թուրքիայի նախկին փոխդեսպան Վոլքան Քարագյոզը իր և ընտանիքի համար ապաստան է խնդրել տեղի իշխանություններից: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Շվեյցարիայի դաշնային կառավարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող և դիվանագիտական անձնագիր ունեցող մի խումբ անձինք ապաստան ստանալու դիմում են ներկայացրել' առանց մանրամասնելու այդ տեղեկությունը:

 

Շվեյցարական հեղինակավոր Tages Anzeiger պարբերականի տվյալներով' ապաստան ստանալու դիմում ներկայացրածների շարքում է նաև Վոլքան Քարագյոզը: Շվեյցարացի մի շարք քաղաքական գործիչներ համոզմունք են հայտնել, որ եթե նախկին փոխդեսպանը ապաստան ստանա, ապա դա Թուրքիայի և Շվեյցարիայի միջև քաղաքական ու տնտեսական ճգնաժամի կհանգեցնի:

 

Շվեյցարիայում Թուրքիայի փոխդեսպան Քարագյոզը Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո տարվող հետաքննության շրջանակում 2017 թվականի փետրվարին հեռացվել էր աշխատանքից: Նրան մեղադրում են գյուլենականներին հարելու մեջ: Դիվանագետին կանչել էին հետ' Անկարա, սակայն նա հրաժարվել էր վերադառնալ հայրենիք: