Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դերասանը նախագահի համաներմամբ չի ազատ արձակվել:
«Մամուլում հրապարակվեց, թե Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել նախագահի համաներմամբ: Նախ՝ երկրի նախագահը համաներման ակտ չի ընդունում, համապատասխան ակտը կայացվում է Ազգային ժողովի կողմից, որը այս դեպքում տեղի չի ունեցել: Նախագահը ներում է շնորհում, սակայն դրա համար հարկավոր է, որ դատապարտյալը դիմում ներկայացնի, ինչը Վարդան Պետրոսյանը ոչ մի անգամ չի արել, չնայած բազմաթիվ առաջարկներ են եղել:
Կալանավայրի վարչակազմը նիստ է անցկացրել, որի ժամանակ դրական որոշում է կայացվել Վարդան Պետրոսյանին վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Դրանից հետո դրական եզրակացություն է տվել նաև «անկախ հանձնաժողովը», ինչից հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մի քանի օրվա ընթացքում քննել է վաղաժամկետ ազատելու հարցը և որոշել է բավարարել միջնորդությունը»,- մանրամասնեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով գտնվում էր անազատության մեջ: Վթարի հետևանքով զոհվել էին Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ 2015թ. հունվարի 29-ին Վարդան Պետրոսյանը դատապարտել էր 5 տարվա ազատազրկման, այնուհետև տեղափոխվել պատժի կրման բաց ռեժիմ։
Լուսանկարը՝ Հետք-ի