Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նիդերլանդների և Թուրքիայի միջև առաջացած լարվածության վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի «անհեռատես հայտարարությունները» Թուրքիայի համար որևէ արժեք չեն ներկայացնում: Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, թե ԵՄ հանձնակատարների հայտարարության մեջ սխալ մեկնաբանություններ կան արված: Թուրքական կողմն «անխոհեմ» է անվանել Նիդերլանդների թիկունքում կանգնելը' այդ երկրի պատժելու փոխարեն:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը նախօրեին տարածած համատեղ հայտարարության մեջ անհրաժեշտ են համարել թուլացնել լարվածությունը Թուրքիայի և ԵՄ անդամ մի շարք երկրների միջև, գտնել ուղիներ իրադրությունը հանդարտեցնելու համար: «Եվրամիությունը կոչ է անում Թուրքիան զերծ մնալ ավելորդ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող ե ն ավելի լարել իրադրությունը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ: