«Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է հայ-ռուսական փոխըմբռնման հուշագիր. նախատեսվում է ստեղծել համատեղ ներդրումային ֆոնդ և ներդրումների հարթակ, որտեղ ներկայացված կլինեն իրականացվող ծրագրերը: Մեր ռուս գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և նրանք տվել են համաձայնություն՝ ծրագրի առաջին փուլում 50 միլիոն դոլար տրամադրել այդ ֆոնդին, բնականաբար, ներդրվող գումարները հետագայում կավելանան»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ռուսական ո՞ր ընկերություններն են իրականացրել այդ ներդրումները, նախարարը պատասխանեց, որ ընկերությունների անուններ թվել այս պահին չի ուզում և ներդրող ընկերությունների անունները կհրապարակվեն մարտի վերջին: 

Դիտարկմանը՝ որքանո՞վ է Հայաստանը գրավիչ օտարերկյա ներդորղների համար՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ-ից ներդրողները հեռանում են՝ չկարողանալով գործունեություն ծավալել մեր երկրում առկա շուկայական հարաբերությունների պայմաններում, նախարարը հակադարձեց, նշելով, որ կան բազմաթիվ առաջարկություններ և հայտ ներկայացրած ընկերություններ, որոնք  ցանկանում են գալ և փող ներդնել Հայաստանում. «Կան մի քանի կազմակերպություններ, որոնք մոտակա ժամանակներս կայցելեն Հայաստան դեղագործական, սննդի արդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնոլու համար»:

Սուրեն Կարայանը հայտնեց նաև, որ ներդրումների քանակն ավելացել է, և վերջին շրջանում 850 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել՝ շեշտելով, որ իր ղեկավարած նախարարությունը պատրաստվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ՝ հաշվետվություն ներկայացնել հանրությանը:

Նախարարը հավելեց, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ է այն առումով, որ նրանք այստեղ գալով՝ կարող են դուրս գալ նաև ԵՏՄ և ԵՄ ազատ շուկաներ, որից օգտվում է Հայաստանը:  

 Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։  Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր' նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի' Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:

Աղավնի Սուքիասյան