Երեկ ձերբակալվել է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009-ից, մինչ այդ էլ մի քանի տարի աշխատել է հիմնադրամում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վարդանյանը խոստովանել է, որ հիմնադրամի փողերով կատարել է օնլայն խաղադրույքներ: Սա առաջին հերթին հարված էր հիմնադրամի հեղինակությանը, համահայկական հանգանակության բարձր գաղափարին: Սակայն ասել, որ այս բացահայտումից հետո սփյուռքը կկորցնի վստահությունը Մայր Հայաստանի հանդեպ՝ ճիշտ չի լինի:
Ճիշտ չի լինի այն պարզ պատճառով, որ այդ վստահությունը կորսվել է շատ վաղուց, իսկ Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովը դրա վառ ապացույցն էր: Վատթարացման լավագույն ցուցանիշներից մեկը կարող է հանդիսանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ վերջին տարիների հանգանակությունների չափը։2008թ. Հիմնադրամը հայտարարեց 35,9 միլիոն ԱՄՆ դոլարի կատարված ու խոստացված նվիրատվություններ։ 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ կարողացան հավաքել ընդամենը 15,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ 2011թ. հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 12,2 ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում։ Հաջորդող տարիներին ևս հանգանակվող գումարների չափը նվազել է: Ընդհանուր առմամբ, 2008-ից սկսած՝ Հիմնադրամում հանգանակվել է ավելի քան 120 միլիոն դոլար: Թե այդ գումարի որ մասն է ծախսվել և ինչու է ստացված արդյունքն անորակ ճանապարհն ու խողովակը՝ դատեք ինքներդ:
Մեր բազմաթիվ հայրենակիցներ, սփյուռքում ստանալով Հիմնադրամի ղեկավարի ձերբակալման լուրը, անգամ չզարմացան: Զայրացան, բայց չզարմացան: Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը սկսել է ձևավորվել ընդամենը ամիսներ առաջ, և այս բացահայտումը միանշանակ նպաստելու է այդ վստահության խորացմանը, քանի որ իշխանությունները, հասնելով Հիմնադրամին, անկասկած, քաղաքական կամք դրսևորեցին:
Մյուս կողմից, հանրությանը հուզող ոչ պակաս կարևոր հարց է, թե որտեղից է եկել Հիմնադրամի նման հանցավոր տնօրինումը և այն ամենաթողության մթնոլորտը, որը, փաստորեն, եղել է այս կառույցում: Չմոռանանք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամն ունի նաև հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդամենը վերջերս են առանցքային փոփոխություններ կատարվել, իսկ մինչ այդ՝ այնտեղ էր նախկին իշխանությունների գրեթե ողջ աստղաբույլը՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Հրայր Թովմասյան, Սամվել Կարապետյան, Արթուր Ջավադյան, անգամ՝ Վեհափառ Հայրապետը: Նրանցից մի քանիսը, ի դեպ, դեռևս հոգաբարձուների խորհրդի անդամներ են: Նայելով այս կազմին, հասկանում ես՝ եթե ստուգումները տարածվեն նաև Հիմնադրամի կառավարման վերին էշելոնում, Արա Վարդանյանի յուրացրած 130 միլիոն դրամը կարող է կաթիլ թվալ օվկիանոսում՝ շատ ավելի խոշոր թալանչիների ավարի համեմատ:
Վերջիններս ունեին նման քայլի գնալու թե՛ լավ հնարավորություններ, թե՝ ինչպես կասեր Փաշինյանը՝ դուխ: Եվ, ի վերջո, դժվար է հավատալ, որ մարդիկ, ովքեր մշտապես աչք են ունեցել սեփական երկրի բարիքների վրա և ամեն գնով ցանկացել են դրանք գրպանել կամ յուրացնել, ինչ-ինչ բարոյական կամ հուզական նկատառումներով զերծ կմնային սփյուռքի մեր հայրենակիցների՝ միլիոնների հասնող հանգանակություններից օգտվելուց, հատկապես հաշվի առնելով հոգաբարձուների անդամներից որոշների՝ խաղատների հանդեպ ունեցած մեծ սերը: Ժամանակին տեղեկատվություն էր տարածվել, որ Հայաստան համահայկական հիմնադրամի գումարներն օգտագործվում են ընտրակաշառք բաժանելու վրա: Դժվար թե դա էլ Արա Վարդանյանի ձեռքի գործը լինի…
Ստելլա Խաչատրյան