«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի կոչը՝ քաղաքական ուժերին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին.
«Սիրելի' հայրենակիցներ,
այսօր բոլորիս պատեց բոթը, մեզնից անժամանակ հեռացավ «Հաց բերողը»` Արթուր Սարգսյանը:
Ցավակցում եմ Արթուրի հարազատներին ու մտերիմներին և կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ վաղը դադարեցնել քարոզարշավն ու հարգանքի տուրք մատուցել Արթուր Սարգսյանի հիշատակին: Արթուրն իր դավանած մարդկային բարձր արժեքներով ու քաղաքացիական ակտիվ կեցվածքով մարմնավորեց մեր ժամանակների իսկական հայի կերպարը. մարդ, ով կյանքը վտանգեց ուրիշներին օգնելու համար, բայց մահացավ մարդկային անպատասխանատվության ու անտարբերության հետևանքով:
Նախընտրական այս լարված ժամանակահատվածում կոչ ենք անում բոլոր հասարակական-քաղաքական ուժերին զերծ մնալ անհարկի շահարկումներից, իսկ պատկան մարմիններից պահանջում ենք Արթուրի մահվան մեջ մեղավորություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի տառին համապատասխան ու հայի բարոյական նկարագրին հարիր որոշումների ընդունում:
Դա մեր հասարակության արդարացի պահանջն է: Մեղավորները պետք է պատժվեն»: