Հայտնի է, որ Հայաստանում մշտական խնդիրներից մեկն էլ անորակ վառելիքի խնդիրն է հանդիսացել ու շարունակում է այդպես էլ չլուծված մնալ: Չնայած կարծես այս ուղղությամբ ինչ-ինչ քայլեր փորձում են կատարել, իսկ վարչապետն էլ օրերս հստակ հանձնարարական էր տվել՝ կարգավորելու այս խնդիրը, սակայն ակնհայտ է, որ դիցուք վառելիքի անորակության խնդրի լուծման բանալին բնավ էլ մեկը չէ, ու այս խնդիրը հիմնովին հաղթահարելու համար դեռևս շատ ճիգ ու ջանք է պահանջվելու կառավարությունից:

Իսկ խնդիրները, որոնք հանգեցրել են Հայաստանի վառելիքի շուկայում նմանօրինակ վիճակի առաջացմանը, մի քանիսն են, որոնցից, սակայն, ամենաէականը, թերևս, մենաշնորհի գոյությունն է մեզանում. դաշտը փաստացի մոնոպոլիզացված վիճակում է գտնվում, ինչն ի սկզբանե բացառում է որևիցե մրցակցության գոյություն, որն էլ, իր հերթին, բերում է լճացման ու չարաշահումների, ներքին պայմանավորվածությունների և այլն: Հաջորդ խնդիրը, որ հանգեցրել է այս պրոբլեմին, Հայաստանում վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատման հարցն է՝ խնդիր, որի պատճառով տուժում են ոչ միայն շարքային սպառողներն, այլև հենց գործարարները՝ նրանք, ովքեր կոնկրետ զբաղվում են բիզնեսի այս տեսակով:

Բայց, ինչպես և շատ դեպքերում, վառելիքի շուկայի պարագայում նույնպես, որպես հիմնական տուժող կողմ հանդես են գալիս սպառողներն, ինչը պայմանավորված է դաշտը կարգավորող օրենքների առանձնահատկություններով. մեզանում օրենքները պաշտպանում են ավելի շատ գործարարների, քան սպառողների շահերն, ինչի արդյունքում էլ ողջ կուժն ու կուլան կոտրվում է շարքային քաղաքացիների գլխին: Բանն այն է, որ Հայաստանում գոյություն չունեն այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ սպառողները հնարավորություն կունենային տեղեկացված լինելու, թե իրենց ինչ որակի վառելիք է պարտադրվում: Այլ կերպ ասած՝ պետական կառույցների կողմից բենզինի որակի լաբորատոր ուսումնասիրություն չի կատարվում՝ առհասարակ:

Այնպես որ՝ որքան էլ փորձ արվի նույնիսկ ամենաբարձր մակարդակով լուծում գտնել վառելիքի խնդրին Հայաստանում, որևիցե բան չի ստացվի, եթե չեն վերանայվել շուկայում գոյություն ունեցող խաղի կանոններն ու իրական մրցակցություն չի հաստատվել: Ինչպես և տնտեսության մյուս բոլոր ճյուղերում, այս ոլորտում ևս զարգացման գլխավոր արգելք հանդիսանում է հենց մոնոպոլիան. սույն երևույթն է տնտեսությունը ներսից կրծողը:

Ի՞նչ է պետք անել՝ իրավիճակը շտկելու համար: Երկու բան՝ վերացնել մենաշնորհն ու վերահսկել վառելիքի որակը: Երկու դեպքում էլ անհրաժեշտ քաղաքական կամք է անհրաժեշտ ու բավարար վճռակամություն: Կգնա՞, արդյոք, կառավարությունը արմատական քայլերի, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց որ կոսմետիկ միջոցներով այս հարցին լուծում չես կարող տալ, անվիճելի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ